Հանրությունը կարող է հուզվել մի առումով. որքան հնարավոր է հանրությունն իր պոտենցիալը պետք է տրամադրի երկրի զարգացմանը, ոչ թե ծեծին կամ ոչ ծեծին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսպիսի հայտարարությամբ է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինքն ինչ կարծիք ունի հանրությանը հուզող պաշտոնատար անձանց աշխատանքից հեռացնելու մասին:
«Ես ինքս ներկա չեմ եղել որևէ այդպիսի պրոցեսի: Դրա վերաբերյալ արտահայտվել եմ, որ պետք է լինի կարգ, կանոն, օրենքի գերակայություն, պետք է լինի օրենքի դեմ հավասարություն: Պարզապես այս ակտը, ինչին մենք առնչվեցինք և տեսանք, հասկանալի էր բոլոր քաղաքացիների համար և պաշտոնատար անձանց համար. սա ազդակի նման մի բան էր, որ հանկարծակի մեր դեգերումների պարագայում չպատկերացնենք, որ մեզ թույլատրվում է ամեն ինչ»,- ասել է Բոստանջյանը:
Բանախոսն ընդգծել է, որ իրենք (պաշտոնատար անձինք) քաղաքացիներ են, և Հայաստանի համար կանոնակարգված, գծագրված տիրույթում պետք է աշխատեն և ապրեն ու չանեն այն, ինչը չի կարելի անել:
Լուսանկարը` hraparak.am