Այն, ինչ կապված է կրոնական կառույցների ինքնության ոտնահարման հետ, չի համապատասխանում իրականությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մի այնպիսի օրենք, որով արգելվի, սահմանափակվի կրոնական կառույցի գործունեությունը, չկա օրենք, որով կարողանան մտնեն, կրոնական կառույցը ստուգեն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը Epress.am- ի խանդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի կողմից աշխարհում կրոնական ազատությունների վերաբերող նոյեմբերի 17-ին հրապարակված զեկույցը: Հիշեցնենք, որ Հայաստանում դավանանքի և կրոնի ազատությանը նվիրված հատվածում զեկույցի հեղինակները ներկայացնում են մեր երկրում գործող կրոնական խմբերը և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները:
Պետդեպի զեկույցում նաև նշված է, որ բողոքներ են հնչել նաև Յեհովայի վկաներից, որոնք չեն կարողանում մեծ տարածքներ վարձել իրենց ամենամյա հավաքի համար: Յեհովայի վկաների կազմակերպությունը հայտնել է, որ իրենք դիմել են ավելի քան 12 տարածքների տերերի (հիմնականում մարզադաշտերին), որոնք պատկանում են անհատներին կամ պետական մարմիններին, սակայն ամեն անգամ մերժում են ստացել: Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ սեփականատերերը ճնշման են ենթարկվում Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև օրենքը պարտադրող կառույցների կողմից:
Այս տեղեկատվությունը, Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավարի կարծիքով, սուտ է` հաշվի առնելով, որ Եհովայի վկաների տարեկան բոլոր միջոցառումները կայացել են «Միկա» մարզադաշտում կամ Սովետաշենի տարածքում գտնվող «Արմոյի օբյեկտում»:
«Եվ դրա հետ մեկտեղ ձևակերպում են որպես ընկերական միջոցառում, այսինքն ֆուտբոլային ինչ-որ բան, որ ոստիկանությունը պահպանի կարգ ու կանոնը: Այն, որ թույլ չեն տալիս, չի համապատասխանում իրականությանը», – ասել է բանախոսը: Ալեքսանդր Ամարյանի խոսքերով` շատ դեպքերում Հայաստանում վախենում են արգելել այդ հավաքները.
«Ո՞նց թե, Եվրախորհուրդը մի հատ մատ թափ կտա մեզ վրա: Ֆրանսիան արգելքները մտցնում է, Ֆրանսիան քրեական հոդված է մտցնում օրենսգրքի մեջ, մինչև 8-10 տարի ազատազրկումն, մինչև 500 հազար եվրո տուգանք», – Ամարյանը չի հասկանում, թե ինչի նույն ԵԽ պետություն կարող է այս ամենն անել, իսկ Հայաստանը` ոչ:
«Ինչի՞ Ռուսաստանի Դաշնությունում Գերագույն դատարանը համարում է, որ Եհովայի վկայի գրականությունն էքստրեմիստական է, Հայաստանում թույլ են տալիս մաքսային կետով ձևակերպվի, մտնի Հայաստան: Ինչի՞: Ահագին հարցեր կան պետությանը, ոչ թե եկեղեցուն, ոչ անձին, այլ պետությանը: Որովհետև մենք այսօրվա դրությամբ կախված ենք Եվրախորհրդի մատից», – փաստեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավարը:
Հայաստանում գոոյություն ունեն 100 հազար «քայքայիչ պաշտամունքի հետևորդներ», ասել է Ամարյանը:
«Էն չհամարվող քայքայիչները միացել են քայքայիչներին, որ միասին դիմադրեն ընդդեմ հայկական առաքելական եկեղեցու և կառավարության որոշումների: Իսկ 350 հազար հոգի (2008թ. նախագահական ընտրություններին պաշտոնական տվյալներով Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է 351.222 մարդ), պատկերացրեք, ընտրող, ընտրությունների ժամանակ… դա ինչ է գալու: Ու դրա համար որոշ քաղաքական գործիչներ այսօրվա դրությամբ պատրաստվում են կրոնական կառույցների ներկայացուցիչների հետ բանակցություններ են տանում ընտրությունների համար», – կարծիք է հայտնել Ամարյանը: Նա, սակայն, հրաժարվել է նշել քաղաքական գործիչների անունները:
Նշենք, որ, ըստ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, Յեհովայի վկաները նաև հայտնում են, որ Հայաստանում 2010թ. հունիսի 1-ի դրությամբ իրենց կամզակերպության 76 ներկայացուցիչ բանտարկված են եղել, քանի որ հրաժարվել են ծառայել հայկական բանակում: Յեհովայի վկաներին առաջարկվել է այլընտրանքային ծառայություն անցնել, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ այս կարգի ծառայությունը, ըստ Յեհովայի վկաների, նույնպես վերահսկվում է զինվորական կառույցների կողմից:
Այս առիթով Ալեքսանդր Ամարյանը ներկայացրեց հետևյալ օրինակը. «Պատկերացնենք, որ ես` երիտասարդ, ուզում եմ գնալ արտասահման ապրելու: Ես հրաժարվում եմ բանակում ծառայելուց, չեմ գնում այլընտրանքային ծառայության, ի՞նչ պետք է անեմ: Դատարան` հարց չկա: Եվրախորհուրդն իմ մեջքին կանգնած է, տալիս են կամ պայմանական, կամ դատապարտում են մեկ ու կես տարի: Վաղաժամկետ ազատման օրենքների համաձայն` մեկ երրորդով ես կարամ դուրս գամ: Կես տարուս ես դուրս եմ գալիս»:
Այնուհետև, շարունակեց Ամարյանը, ցանկացած դեսպանատուն մուտքի արտոնագիր է տրամադրում:
«Գնացին հասան այնտեղ, Եհովայի վկաների գլխամասայինն արդեն ինչ է անում` ֆինանսապես ապահովում է, ուսումն ապահովում է, տունն ապահովում է: Դրա համար արժե վեց ամիս տառապել, որ հետագայում պայծառ ապագա ունենաս»:
«Այդքան էլ կրոնական չէ այն ամենը, ինչքան թվում է առաջին հայացքից: Սա նախ և առաջ հոգեբանական ազդեցություն է, որտեղ շահարկվում են մարդկանց կրոնական զբացմունքները», – իր հերթին նշել է ասուլիսի մասնակից, հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը նկատել է, որ Եհովայի վկաները միշտ զույգերով են ման գալիս, որովհետև, ըստ Նալչաջյանի, նրանք վերահսկում են միմյանց: «Այսինքն տոտալ վերահսկում են ներսից, վերահսկվում է ամեն ինչ` սկսած մարդու անձնական կյանքի ամենաինտիմ մանրամասներից»:
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչած վատ աշխատելու մասին մեղադրանքներին` հոգեբանը նշել է, որ հատկապես վերջին շրջանում եկեղեցին շատ ակտիվ է գործում: