«Ե’վ Ռուսաստանի մասին են շատ բան ասում, և’ Հայաստանի: Ես այդ փաստաթղթերին չեմ հավատում: Ես հավատում եմ մեր Մեդվեդևին»:
Հայաստանում արդեն 8 տարի բնակվող ռուսաստանցի Տատյանան Epress-am-ի հետ զրույցում բամբասանք անվանեց WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերը:
Երևանի փողոցներում Epress.am-ը մինի-հարցում անկացրեց` հետաքրքրվելով, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները գաղտնի փաստաթղթերի հրապարակումների մասին:
Հարցվածների մեծ մասը նշել է, որ այդ հրապարակումներին չի հավատում: Դրա հետ մեկտեղ,հարցվածներից շատերը խոստովանեցին, որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ:
«Ծանոթ եմ, ասել են` լսել եմ: Ինչ ասել են իշխանությունների մասին, էդ քաղաքականություն ա, քաղաքականությունով չեմ զբաղվում: Ինձ համար մեկ ա», – ասաց մոտ 40 տարեկան Հովակիմը, որը` հենված խանութներից մեկի դռանը, մատներով թզբեխ էր պտտեցնում:
30-ամյա մի երիտասարդն էլ, հրաժարվել է պատասխանել WikiLeaks-ի մասին հարցին` հայտնելով, որ իրեն այդ հրապարակումները «վաբշե» չեն հետաքրքրում:
Հարցը ուշադրությամբ լսելուց հետո` տարեց մի կին ռուսերեն պատասխանեց. «Ինձ թվում է` դա խաղ է»: Փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչն է խաղ համարում տիկին Անժելան: Մի փոքր մտածելուց հետո նա ասաց. «Ամեն ինչն, ընդհանրապես, խաղ է»:
Նշենք, որ հարցման ընթացքում մենք հանդիպեցինք ևս մեկ կնոջ, որը Ռուսաստանից է Հայաստան տեղափոխվել: Նա նշեց, որ նրան ևս չեն հետաքրքրում WikiLeaks-ի հրապարակումները:
Ոմանք նաև կարծիք են հայտնել, որ WikiLeaks-ը ոչ մի նոր բան չի բացահայտել:
«Այդ ամենը վաղուց գիտեինք: Բայց դեռ պարզ չի, էդ վիկիլիքսը ինչ փաստաթղթեր է տալիս, ինչ հետևանքներ դա կունենա: Դրա վերաբերյալ կարծիք վաղ է ունենալ: Հետագայում կպարզվի, թե ինչ էր սա», – կարծում է 63-ամյա Սուրենը:
Չարազեղեն վաճառողը նշեց, որ «եթե գրում են, ուրեմն մի բան կա»: Այն հարցին, թե, ըստ նրա, ինչ նպատակով են այդ փաստաթղթերը հրապարակվում, նա պատասխանեց. «Երևի մեկի դեմքը պատռելու համար»:
Նա, սակայն, դժվարացավ ասել, թե կոնկրետ ում նկատի ունի: