Ադրբեջանի վերնախավի վերաբերյալ WikiLeaks կայքի գաղտնազերծումները վերջնականապես սրեցին Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ վերջին շրջանում լարված բնույթ ունեն:
Այդ փաստաթղթերի պատճառով Բաքուն կարող է դադարեցնել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը սահմանային անվտանագության հետ կապված հարցերում, Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի խոսքերն է փոխանցում «Միլազ» ինֆորմացիոն-տեղեկատվական գործակալությունը:
«Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել նման հաղորդագրություններից հետո», – Խաչմաս քաղաքում նոր ուղեկալի բացման ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Գուլիևը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի զինված ուժերի վերնախավի իր աղբյուրի վրա, Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է խզել ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունները:
Աղբյուրի փոխանցմամբ` հնարավոր է, որ վերանայվի 2011 թ. ծրագրված որոշ համատեղ միջոցառումների ցանկը: Որոշ միջոցառումներ կարող են պարզապես հետաձգել:
Համաձայն զրույցների` համատեղ որոշ ծրագրեր, ինչպես, օրինակ, «Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության պահպանման ծրագիրը», առհասարակ կդադարեցվեն: Այս մասին ամերիկյան կողմն արդեն տեղյակ է, իսկ մանրամասները կքննարկվեն մոտ ապագայում անվտանգության և պաշտպանության հարցերի վերաբերյալ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ի շահերը Ադրբեջանում ժամանակավորապես ներկայացնող Ադամ Ստերլինգը հաստատել է երկու երկրների միջև առաջացած անվստահությունն ու լարվածությունը WikiLeaks-ի գաղտնազերծումների արդյունքում: Ստերլինգն ասել է, որ բանակցություններ են տարվում խնդիրների վերացման ուղղությամբ: