Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 2 շենքի մի բնակարանից օգնության կանչեր են լսվում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության և ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարար ջոկատի ծառայողները կոտրել են մուտքի դռան փականը, և ոստիկանները հիշյալ բնակարանից բերման են ենթարկել 42-ամյա Արթուր Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նա մտել է Գայանե Կ.-ի բնակարան, ծեծի ենթարկել նրան, գումար պահանջել, այնուհետև բռնություն գործադրելով՝ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Գայանե Կ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կատարվում է նախաքննություն: