Home / Армения / Վրացիներն աջակցում են Թեղուտի խնդրին

Վրացիներն աջակցում են Թեղուտի խնդրին

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10:00-16:30-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս: Այն կազմակերպում են Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը և «Green Alternative» («Կանաչ այլընտրանք») վրաստանյան հասարակական կազմակերպությունը:

Կոնֆերանսի նպատակն է բացահայտել և քննարկել փորձագետների ու ոչ կառավարական կազմակերպությունների մտահոգությունները` կապված Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայված է անդրսահմանային Դեբեդ գետի ավազանում` երկրաշարժերի ու սողանքների ենթակա տարածքում:

Միջազգային կոնֆերանսին հրավիրվել են Հայաստանի և Վրաստանի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների, հանքարդյունահանող ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և լրագրողներ:

Կոնֆերանսի նախօրեին կազմակերպվում է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար, հայտնում է antarner.net կայքը: