Հայաստանը ոչ բարյացակամ հարևաններով է շրջապատված և Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով Ադրբեջանի հետ 20-ամյա տարածքային վեճի մեջ ներառված է: Բայց Հայաստանը երկար ժամանակ է` կարողանում է դիվանագիտական ոլորտում հաջողություններ գրանցել` միաժամանակ սերտ կապեր պահպանելով Իրանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ: Հայաստանը հենվում է այս երկրների վրա` պաշտպանության, ներդրումների և արտաքին առևտրի հարցերում, գրում է Los Angeles Times-ը:
Սակայն երկու տարի առաջ Հայաստանը ստիպված էր պատասխան տալ իր գործողությունների համար` արժանանալով ԱՄՆ-ի զայրույթին: 2008 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի ներկայացրած նամակում, որը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում, ամերիկացի հետախույզները բացահայտել են, որ Հայաստանը Իրանին բուլղարական հրթիռներ է տրամադրել:
Ըստ թերթի տվյալների` Վաշինգթոնը բացատրություններ է պահանջել, որից հայերը վախեցել են:
«Կովկասի փոքր պետությունները` Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, Իրանի և Միացյալ Նահանգների միջև են հայտնվել, ընդ որում` Իրանը կարող է երեք երկրների համար էլ լուրջ խնդիրներ ստեղծել, իսկ ԱՄՆ-ն մտադիր է ստիպել նրանց կասեցնել բոլոր կապերը Իսլամական Հանրապետության հետ: Այս մասին նշված է ամերիկացի դիվանագետների նամակներում, որոնք տպագրվել են WikiLeaks-ի կայքում», – գրում է LA Times-ը:
Օրաթերթը մեջբերում է ԱՄՆ Պետդեպի գաղտնի նամակներից մեկը, որը տպագրվել է ռուսաստանյան և վրացական կայքերում: Նամակում ներկայացնում է, որ Կովկաս կատարելիք այցից առաջ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը նշել է, որ Վրաստանը «փորձում է կարգավորել իր հարաբերություններն Իրանի հետ», բայց վախենում է անդառնալի սխալներ գործել, որոնք Իրանին հնարավորություն կընձեռեն ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը 2008 թվականին արեց Ռուսաստանը:
«Վրաստանը չի կարող թույլ տալ, որ տարածաշրջանում իր խոշորագույն հարևանի և արտաքին առևտրական գործընկերոջ հետ հարաբերությունները վատանան», ասված է նամակում: Նման մտավախություններն առկա են բոլոր կովկասյան պետություններում:
Հայաստանը վաղուց բարեկամական հարաբերություններ է ստեղծել Իրանի հետ, թեկուզ նրա համար, որ տարածաշրջանում իրեն գոնե մեկ գործընկեր է անհրաժեշտ, նշում է հոդվածագիրը և ներկայացնում, որ նրանից հետո, երբ Հայաստանն Իրանին զենք է տրամադրել, այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպենտեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գաղտնի գրություն է ուղարկել, որում հստակ հասկացրել է, որ Հայաստանը պետք է ամերիկյան փորձագետներին թույլ տա ստուգումներ իրականացնել առանց նախազգուշացման, հակառակ դեպքում Հայաստանը «կարող է զրկվել ԱՄՆ օգնությունից և արտահանման ոլորտում սահմանափակումների առջև կանգնել»:
«Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ուղղված պատժամիջոցները կարող էին իսկական աղետ դառնալ: Այդ աղքատ երկիրը առանց այն էլ դժվար կացության մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակումից», – նշում է LA Times-ը:
Ամերիկացի դիվանագետների ոչ մի նամակում նշված չէ, թե արդյոք Հայաստանը կատարել է ԱՄՆ հրամանը, բայց 2010 թվականի հունվարին մի գրություն է հայտնվել, ըստ որի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանին վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր է իրականացնել ամերիկացիների պահանջները:
«Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի և ոչ մի ցանկություն չունի ավելի շատ խնդիրներ ստեղծել»,- ասել է Հակոբյանը:
Այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ պատժամիջոց չի կիրառում Հայաստանի նկատմամբ, եզրափակում է օրաթերթը: