Home / Армения / Ռուսական հեռուստաալիքները լռել են կովկասցիների ծեծի մասին

Ռուսական հեռուստաալիքները լռել են կովկասցիների ծեծի մասին

Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում հանգստյան օրերին կատարված դեպքերը բավական հակասական են լուսաբանվել ռուսական հեռուստաալիքների կողմից, գրում է «Կոմերսանտը»:

Շաբաթ օրը ռուսաստանյան հեռուստաեթերի հիմնական թեման Մոսկվայի կենտրոնում երիտասարդների ամբոխի կողմից իրականացված անկարգություններն էին: Տարբեր հաղորդումների ժամանակ անցկացվող քննարկումների ընթացքում փորձ էր արվում շեշտադրում չանել ազգային խտրականության խնդրի վրա: Իսկ արդեն կիրակի օրվա եթերում «Մանեժնայա» հրապարակի դեպքերն առհասարակ լրատվական ծրագրերի վերջին պլան էին մղվել:

«Охотный Ряд» և «Театральная» կայարաններում կատարվող դեպքերի տեսագրությունները, որտեղ «Մանեժնայա»  հրապարակից եկած երիտասարդները ծեծի են ենթարկում ոչ սլավոնական արտաքին ունեցողներին, պետական ալիքների շաբաթօրյա եթերով չէին ցուցադրվում: Այս կադրերում ոստիկաններ առհասարակ չեն երևում:

Իսկ «России 24» և «России 1»  ալիքների երեկոյան եթերում խոսում էին այն մասին, որ, բացի ֆուտբոլային երկրպագուներից, ամբոխում եղել են նաև ծայրահեղական շարժումների ներկայացուցիչներ: Այն մասին, որ մարդկանց ծեծի են ենթարկել ազգային պատկանելության համար, ոչ մի խոսք անգամ չկար: Իսկ ազգայնական կարգախոսներով պաստառների մասին խոսել են НТВ հեռուստաալիքի ժամը 19:00-ի եթերի «Այսօր» ծրագրում: «Առաջին ալիքի» «Ժամանակը» լրատվական հաղորդման ընթացքում շեշտը դնում էին ծայրահեղական երիտասարդների` ոստիկանության հետ պայքարելու փաստի վրա:

Միայն РЕН ТВ ալիքի «Շաբաթը» ծրագիրը սկսվեց այն կադրերով, թե ինչպես են հազարավոր երիտասարդներ Մոսկվայի կենտրոնում անհարկի բառերով պահանջում կովկասցիներից լքել Ռուսաստանը, այնուհետև դաժանաբար ծեծի ենթարկում կովկասցիներին, իսկ 3 ոստիկաններ հազիվ են կարողանում հեռացնել գազազած ազգայնականներին, որպեսզի նրանք չսպանեն այլազգի երիտասարդներին:

«Մանեժնայայի» դեպքերի մասին մի ամբողջ ժամ խոսում էին «Անձրև» արբանյակային հեռուստաալիքի եթերում: Անկարագությունների ականատեսները և լրագրողները քննարկում էին դեպքերը հենց ֆաշիզմի և ազգայնականության տեսանկյունից:   

Այսպիսով, հանգստյան օրերին ռուսական հեռուստաալիքների ծրագրերը բացառապես զվարճացնող բնույթ էին կրում: