Այն, ինչ կատարվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ, ապօրինությունների շքահանդես է. Epress.am-ի հետ զրույցում այսպես է գնահատել քաղբանտարկյալ, «Հայկական
ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստանանք քրեակատարողական հիմանարկներ մուտք գործելու համար նախատեսված վկայականները և անմիջապես հանդիպում կազմակերպենք թե «Արթիկ» ՔԿՀ-ի անձնակազմի, թե անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Իշխանյանը:
Նա նշել է նաև, որ ցանկացած անձ, ով կասկածյալ է, մեղադրյալ կամ դատապարտյալ, իրավունք ունի հանդիպել իր փաստաբանի հետ` առանց կողմնակի անձանց ներկայության:
«Ես չեմ հասկանում` ինչ են մտածում: Նախ պետք է պարզել` սա քրեակատարաողական հիմնարկի ինքնուրո՞ւյն նախաձեռնությունն է, թե՞ վերևից հրաման ունեն»,- ասել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Ավետիք Իշխանյանը Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական առքելություն կատարող խմբի անդամ է:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում նույն խմբի ղեկավար Արթուր Սաքունցն ասել էր, որ իրենց` վկայական ստանալու հարցը ձգձգվում է տեխնիկական պատճառներով: