Tez Tour տուրիստական ընկերության հայկական ներկայացուցչության աշխատակիցները վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ բերման են ենթարկվել Երևանի ոստիկանության 6-րդ վարչության ներկայացուցիչների կողմից առանց որևէ բացատրության: Այս մասին հայտնել է ռուսական ընկերության փոխնախագահ Իգոր Անդրեևը, գրում է РИА Новости-ն: Փոխնախագահի խոսքով` ձերբակալվել են գրասենյակի բոլոր 10 աշխատակցիներն ու փաստաբանը:
Առաջին անգամ ընկերության անձնակազմին բերման են ենթարկել դեկտեմբերի 11-ին: Tez Tour-ի Հայաստանի գրասենյակի անդամները մինչ ուշ գիշեր մնացել են բաժանմունքում: Պատասխանելով ընկերության զարգացման հարցերով զբաղվող Վադիմ Վարդազարյանի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իրենց ձերբակալումը` ոստիկաններից մեկը պատասխանել է, որ աշխատակիցներից մեկին կասկածում են անցորդին վրաերթի ենթարկելու մեջ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում Tez Tour-ի գրասենյակ նորից ոստիկաններ են եկել, ինչից հետո գրասենյակն այդ օրը դադարեցրել է իր գործունեությունը, իսկ աշխատակիցները հայտնվել են 6-րդ վարչությունում:
Tez Tour-ի ներկայացուցիչները ենթադրում են, որ իրենց ձերբակալումը կազմակեպել են տեղի տուրիստական գործակալություններից մեկի ղեկավարները, որոնք իրականացնում են Tez Tour ուղեգրերի վաճառքը: Ընկերությունների միջև դեռևս ամռանն է անհամաձայնություն առաջացել, երբ Tez Tour-ի փոխտնօրենի խոսքով, իրենց գործընկերները հրաժարվել են մուծել 400 հազար դոլարի հասնող պարտքը, ընդ որում` շարունակելով վաճառել Tez Tour-ի ուղեգրերը: Սկսված բանակցություններն արդյունք չեն տվել և Tez Tour-ի ներկայացուցիչները զգուշացրել են, որ համագործակցությունը կարող է կասեցվել, ինչը հաճախորդների սպասարկման դադարեցում ու չվճարված ուղեգրերի զրոյացում էր նշանակում:
Tez Tour-ի փոխտնօրեն Իգոր Անդրեևը հայտարարել է, որ ընկերության հիմնադրամն օրվանից` 16 տարիների ընթացքում, նա երբևէ նման անօրինականության չի հանդիպել: Ընկերությունը մտադիր է պաշտպանել իր շահերը` օրենքի համաձայն:
Tez Tour-ի հայաստանյան գրասենյակը ինքնուրույն գործունեություն չի ծավալում, այլ իրականացնում է ռուսաստանյան ընկերության առաջադրած գործառույթները:
Երևանի ոստիկանական բաժանմուքի տեղեկատվության բաժինը անհասանելի է եղել մեկնաբանությունների համար, նշում է РИА Новости-ն: