Լոնդոնի դատարանը ազատ է արձակել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, որի ձերբակալման մեջ շահագրգռված է շվեդական կողմը, տեղեկացնում է Sky News-ը: Դատավոր Հովարդ Ռիդլին ազատ է արձակել Ասանջին մինչև հաջորդ դատական նիստը` սահմանելով մի շարք պայմաններ:
Ասանջի ազատման դիմաց վճարվող գումարը կազմում է 240 հազար ֆունտ (մոտ 380 հազար դոլար): Ասանջը ստիպված կլինի մինչև հաջորդ նիստը հանձնել իր անձնագիրը, կրել էլէկտրոնային չիփ և յուրաքանչյուր օր ոստիկանությանը հայտնել իր գտնվելու վայրի մասին: Սակայն դեռ հստակեցված չէ, թե Ասանջը երբ կլքի բանտախուցը, քանի որ շվեդական դատախազությունը բողոքարկել է որոշումը:
Բացի այդ, Ասանջի փաստաբան Մարկ Ստիվենսը հայտնել է, որ իրավաբանները պետք է հավաքեն Ասանջի ազատման համար տրվող կանխիկ գումարը, որովհետև դատարանը քարտային համակարգով գումար չի ընդունում: Փաստորեն, Ասանջը բանտում կմնա առնվազն 48 ժամ: