Հայ Ազգային Կոնգրեսը չի կարողացել լուծել իր գլխավոր խնդիրը, այն է` արագ իշխանափոխությունը կամ արտահերթ ընտրությունները, հայտարարել է քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցը:
Այս հանգամանքն, ըստ բանախոսի, որոշակիորեն ազդել է նաև Կոնգրեսի հանրահավաքների վրա.
«Եթե նկատել եք, մարդկանց թիվը որոշակիորեն նվազել է: Այսինքն` կա հասարակական մի շերտ, որը ձգտում էր արագ փոփոխությունների, այդ շերտը հիմա նվազել է»:
Սուրենյանցը, սակայն, ընդգծեց, որ ՀԱԿ-ը լուծել է մի շատ կարևոր խնդիր, ինչը տեղի է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խարիզմայի շնորհիվ:
«ՀԱԿ-ը դարձել է ազդեցիկ ուժ, և այլևս առանց Կոնգրեսի առաջիկա մի քանի տարիների զարգացումները Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել», – նշեց նա:
Սուրենյանցը նաև ասաց, որ չնայած հիասթափություններին, «ի տարբերություն նախորդ տարիների ընդդիմությունների` ՀԱԿ-ին հաջողվել է ինստիտուցիոնալ որոշակի գործիքներ ստեղծել, որի շնորհիվ ինքը առանցքային դերակատարություն է ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում»: