Քաղաքական աշխարհում բավական դժվար է գտնել մեկին, որը հայտարարի, թե չի սիրում ազատություն և ճշմարտություն. սակայն շատերը պնդում են, որ ազատությունը, կամ ճշմարտությունը, բոլորի, «ամբոխի» համար չեն, այլ միայն ընտրյալների, և «ամբոխին» հասանելիության դեպքում կարող են բերել բազմաբնույթ աղետների: Epress.am-ի հետ զրույցում, խոսելով WikiLeaks-ի ֆենոմենի մասին, ասել է թատերագետ Արա Նեդոլյանը:
«Հատկապես իշխող խմբերը, պետական վարչակարգերը հակված են նման պատճառաբանություն բերելու սեփական բացառիկությունը և անհաշվետվելիությունը հիմնավորելու համար: Ցանկացած իշխանություն գայթակղություն ունի իրեն սկսել համարել վերնախավ, և, ընկնելով այդ հոգեվիճակի մեջ, դադարել կատարել սեփական սահմանադրական պարտավորությունները, որոնք են՝ ծառայել հանրությանը և ծառայել մարդուն: Ծառայելու փոխարեն գալիս է իշխելու մոլուցքը», – ասել է Նեդոլյանը:
Նրա կարծիքով` հենց այդ պատճառով ժողովրդավարական պետություններում դասական երեք իշխանությունների կողքին կա այն, ինչ անվանում են չորրոդ իշխանություն՝ մամուլը և մեդիան, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանան ու համոզվեն՝ կատարու՞մ եմ արդյոք իշխանությունները իրենց սահմանադրական պարտավորությունները:
«Վիքիքլիքսը հենց այդ չորրորդ իշխանության առաջամարտիկներից է, որը լույս սփռեց աշխարհիս ամենափակ ու անվերահսկելի ոլորտներից մեկի վրա՝ դիվանագիտականի: Օրինակի, անկախ Հայաստանի գոյության քսան տարվա ընթացքում մեր հասարակությունը վախի, անվստահության ու սեփական անլիարժեքության զգացում է ապրում հենց դիվանագիտական ոլորտի, Ղարաբաղյան բանակցային գործընթացի և մեծ տերությունների հետ հարաբերությունների փակ լինելու պատճառով, երբ քաղաքացիական հասարուկության և արդի պետականության կառուցման գործընթացը տարին մեկ պարտադիր ընդհատվում են երկար ժամանակով դիվանագիտական հերթական, մեծ մասամբ կեղծ սենսացիայով: Մյուս երկրներում էլ քաղացիական հասարակությունը շատ թույլ է վերահսկում հենց այդ ոլորտը, վատ է տեղեկացված, թե իր երկրի պետծառայողները իր անունից ինչ գործողություններ ու գործարքներ են կատարում միջազգային ասպարեզում: Վիքիլիքսի բացահայտումները ճեղքում են այդ արատավոր ավանդույթը, և հիմք են ստեղծում դիվանագիտական, իսկ ուրեմն նաև՝ ամբողջ միջազգային քաղաքանության ոլորտը քաղաքացիական, հասարակական հսկողության տակ դնելու համար» , – ասել է Նեդոլյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Ջուլիան Ասանժի և իր գործընկերների արածը ոչ թե եզակի էքստրեմալ արարք է, որը կշտկվի ու կանցնի, այլ խորքային միտումի արտահայտություն. ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը, աշխարհի ամբողջացումը ու քաղաքացիական պահանջատիրության համատարած աճը միասին ստեղծում են աննախադեպ մի նոր իրավիճակ, երբ հնարավոր է դառնում մարդկային հանրության, մարդկության ձևավորումը:
«Դա նշանակում է, որ միջազգային հարաբերությունների ոլորտը, որում ավանդաբար չեն գործում պետությունների ներքին կյանքին հատուկ իրավունքն ու օրինականությունը, փոխարինվում են մի այլ, համամարդկային հարաբերությունների ոլորտով, որում արդեն այդ բոլոր նորմերը կսկսեն գործել: Ինչպես ցանկացած առաջամարտիկ՝ Ասանժը, Վիքիլիքսը արժանացան հետադիմական ուժերի ճնշմանը, բայց հատկանշական է, որ անմիջապես նաև սկսեց ձևովորվել ու գործել նրանց պաշտպանների կամավոր շարժումը, որը թույլ չտվեց լռեցնել Վիքիլիքսի ձայնը: Ես ինքս ստորագրել եմ Վիքիլիքսի պաշտպանության նամակը /այն տարածվում է ֆեյսբուքով, մասնավորապես՝ կարելի է գտնել իմ էջում/, և կոչ եմ անում այն ստորագրել բոլոր նրանց, ով կողմ է համաշխարհային հասարակական հսկողության հաստատմանը և դեմ է ժամանակավրեպ «կառավարությունների բացառիկության» հայեցակարգին»,- եզրափակել է Նեդոլյանը: