Մոսկվայի իրավապահ մարմինները պատրաստվում են զանգվածային անկարգությունների կանխարգելմանը, որոնք կարող են գրանցվել այսօր Կիևսկայա կայարանի հրապարակում: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, ազգամիջյան բախումները կարող են զանգվածային բնույթ կրել:
Բլոգերների հաղորդագրությունների համաձայն` կովկասյան երկրների և երկրամասերի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանում ավտոբուսներով և գնացքներով, գրում է «Կոմերսանտը»: Մոսկվայի ազգային սփյուռքների առաջնորդները Կիևսկայա կայարանի ակցիայի մասին կոչերը սադրանք են համարում, սակայն խոստովանում են, որ ագրեսիվ տրամադրված իրենց համաերկրացիները կարող են և ներկայանալ ակցիային: Որոշ աղբյուրների համաձայն` հրապարակում կարող են հավաքվել ավելի քան 10 հազար մարդ:
Հատուկ միջոցներով, այդ թվում` պաշտպանիչ պլաստմասե գլխարկներով, ռետինե մահակներով, զրահապատ բաճկոններով և հակագազերով զինված ոստիկանությունը բերվել է բարձր ռազմական պատրաստականության աստիճանի: Առևտրի կենտրոնի շուրջ առկա իրավիճակին հետևում են նաև ամրակազմ երիտասարդներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ի երեկոյան ակցիայի կազմակերպման մասին համացանցային ֆորումներում տարածված լուրերից հետո, Ոստիկանությունը ամբողջովին փակել էր հրապարակը, բայց ինչպես հայտնի է, այնտեղ այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ:
«Մանեժնայա»-ի դեպքերից հետո բլոգերում անմիջապես հայտնվեցին կովկասցիների կողմից պատասխան հարված հասցնելու մասին կոչեր: Ըստ տեղեկատվության` դեկտեմբերի 15-ին ժամը 18:00 «Եվրոպական» առևտրի կենտրոնի մոտ պատասխան ակցիա է տեղի ունենալու: Տեքստի հեղինակը, դիմելով « բոլոր նրան,ց ովքեր իրենց համարում են կովկասցի, ջիգիթ, լեռնցի» նախազգուշացնում է, որ «ազգայնամոլներն ու ֆաշիստները» պատրաստվում են հետագայում նույնպես անցկացնել նման ակցիաներ Մոսկվայում, որի պատճառով էլ նա կոչ է անում դիմադրել նրանց:
Նախօրեին ազգային սփյուռքների ղեկավարությունը դիմել է իրենց համաերկրացիներին` կոչ անելով զերծ մնալ ակցիայի անցկացումից: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը` նման հակազդեցությունը գործում է ի վնաս բոլոր ազգերի: