Freedom House հեղինակավոր միջազգային կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի կառավարությանը «Ա1+» հեռուստաալիքին արտոնագիր տրամադրել: Կազմակերպությունը նշում է, որ հեռուստաընկերությունը Հայաստանի իշխանություննների կողմից փակվել է 2002 թվականին և այժմ անհատները «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամին գումարներ են փոխանցում` աջակցելով հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելուն:
««Ա1+»-ին արտոնագիր տրամադրելու օրինավոր պահանջի 13-րդ մերժումն ամենուր անկախ մամուլի ջատագովներին հասցված ապտակ կլինի», – ասել է Freedom House-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Կրամերը:
Նրա խոսքով` հայաստանցիները, օգնելով «Ա1+»-ին, իրենց հստակ աջակցությունն են ցույց տվել մամուլի ազատությանը: Կրամերը հավելել է, որ արտոնագիր տրամադրելով հեռուստաընկերությանը` Հայաստանի իշխանությունները կաջակցեն երկրում անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ների կայացմանը:
«2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի իշխանությունները իրական հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց ցանկությունը ոչ միայն շրջել 2008թ. մարտյան դեպքերի էջը, այլ նաև ուղղել ավելի քան երկու տարի առաջ արված սխալները», – նշել է Freedom House-ի Եվրասիայի գծով ծրագրերի գլխավոր մենեջեր Սեմ Փեթենը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտյան դեպքերից հետո Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել, որի ընթացքում կասեցվել էր քաղաքական իրադարձությունները լուսաբանող ԶԼՄ-ների գործունեությունը:
Նշենք, որ Freedom House-ի մամուլի ազատության ցուցիչով 2010թ. տվյալներով Հայաստանը գտնվում է ոչ ազատ երկրների շարքում: