«Ես, համաձայն կապուղիների մրցույթում գործող վեց չափանիշներիի, «Ա1+»-ի դեպքում գնահատել եմ բազմակարծության և աշխատակազմի պատրաստվածության կետի համար` տվել եմ մեկական միավոր, իսկ «Արմնյուզի» դեպքում` տեխնիկական միջոցների և բիզնեսպլանի կետի համար` ևս մեկական միավոր»:
Epress.am-ի հետ զրույցում այսօր Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի խորհրդի անդամ, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը մեկնաբանել է իր դիրքորոշումը կապուղիների մրցույթում հեռուստաալիքներին տրված գնահատականների վերաբերյալ:
Նշենք, որ Թադևոսյանը միակն էր, ով միավորներ է շնորհել «Ա1+»-ին` հեռուստաընկերության ներկայացված փաթեթը գնահատելով 2 միավորով: Նույնքան միավոր է Թադևոսյանի կողմից ստացել «Ա1+»-ի մրցակիցը` «Արմնյուզը», իսկ ահա քվեարկության մյուս 7 մասնակիցներն «Ա1+»-ին զրո միավոր էին տվել:
Նա խոսել է նաև այսօր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ա1+»-ի վերաբերյալ արված հայտարարությունների մասին, որոնց համաձայն հեռուստաընկերությունը երկու կեղծ փաստաթուղթ է ներկայացրել:
«Այս դեպքում, երբ հանձնաժողովի նախագահը այդպիսի փաստաթղթեր է ներկայացնում, հարց է առաջանում` արդյո՞ք «Ա1+»-ը համապատասխանում է մրցույթին ներկայացված բոլոր չափանիշներին»,- մեզ հետ զրույցում ասել է Արա Թադևոսյանը: