Չնայած ՀՌԱՀ-ի այսօրվա որոշմանը` «Ա1+»-ը աշխատել է, աշխատում է և շարունակելու է աշխատել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ն այսօր «Ա1+»-ին 13-րդ անգամ մերժել է եթեր վերադառնալու հնարավորությունից:
Ըստ Մովսեսյանի` հանձնաժողովի գնահատականների համար զարմանալու ոչինչ չկա: ՀՌԱՀ անդամների կողմից «0» գնահատելը Մեսրոպ Մովսեսյանը որակեց որպես ոչ թե գնահատական ներկայացված փաթեթին, այլև երկրի այսօրվա վիճակին:
«Բոլորիս համար էլ պարզ է, թե գնահատականը որտեղից է և ով է այս երկրում որոշում կայացնում: Ինչպես ես հասկացա, այստեղ թքած ունեն միջազգային կառույցների որոշումների ու կարծիքների վրա: Փող, փող և միայն փող, ինչից մթագնել է արդեն նրանց ուղեղները: Իսկ այդ փողն աշխատելու համար նրանց պետք չէ ազատ հեռուստադաշտ, որի համար էլ փայլուն լուծում են գտել»,- ասել է նա:
Հեռուստաընկերության նախագահը հավատացրել է, որ դատական գործընթացներ կլինեն:
«Ես արդեն գիտեմ բոլոր այն խախտումները, ինչ որ արվել է եւ չեմ հրապարակել: Հենց այդ խախտումներն էլ ցույց են տալիս, որ որոշումն արդեն իսկ կայացվել էր»,- նշել է Մովսեսյանը:
Ինչ վերաբերվում է այսօր ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերազրկմանը, ապա նա նշել է.
«Ես կարծում եմ, որ մենք կմիավորենք մեր ուժերը և կվերականգնենք օրենքն այս երկրում, որը ոտնահարվել է»:
Լուսանկարը` «Առավոտ» օրաթերթի: