ՀՀ ԱԳՆ-ում երեկ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը, որի վերաբերյալ պաշտոնական լրահոսից այդպես էլ հնարավոր չէ կռահել, թե ի վերջո կողմերն ինչ խնդիրներ են քննարկել, գրում է օրաթերթը:
Նշված համաձայնագրի շնորհիվ Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ֆինանսական օժանդակություն և ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման կարգի հեշտացում: Այս բանակցություններից առաջ` դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը, որը, մեր տեղեկություններով, լարված մթնոլորտում է անցել: ԵՄ-ն պաշտոնական Երևանից, ի թիվս այլ խնդիրների, պահաջել է լուծել քաղբանտարկյալների, մասնավորապես «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու հարցը: Երեկ ևս քաղբանտարկյալների խնդիրը հիմնական հարցերից մեկն է եղել: Այս մասին են վկայում բանակցություններից հետո «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանի խոսքերը. «Այսօր, օրինակ, բանակցում ենք քաղաքական երկխոսության, նաև արդարադատության, ազատությունների խնդիրների շուրջ»: «Քաղաքական երկխոսություն» ձևակերպումը վերաբերում է քաղբանտարկյալների խնդրին, քանի որ ՀՀ-ում քաղաքական երկխոսություն հնարավոր է միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո: