The Guardian-ը` հղում կատարելով Wikileaks կայքի նյութերին, հրապարակել է Անկարայից Վաշինգթոն ուղարկված նամակը. որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:
2009 թվականի օգոստոսի 21-ով թվագրված նամակի հեղինակն է դիվանագետ Դոնալդ Լուն:
Դիվանագետը գրում է, որ 2009 թ. օգոստոսի 21-ին ВР նավթային ընկերություն այցելության ժամանակ Ալիևը հայտարարել է, որ զերծ կմնա հրապարակային աջակցությունից, սակայն գաղտնի կերպով քայլեր կձեռնարկի Վրաստանին օգնություն ցուցաբերելու հարցում:
«Ալիևը հրապարակավ չի սատարում Սահակաշվիլիին, սակայն միաժամանակ ադրբեջանցիները զբաղվում են օգոստոսյան պատերազմի ժամանակ ռուսների կողմից վնասված երկաթուղային կամրջի վերականգման աշխատանքներով: Ալիևը ևս մեկ անգամ ապացուցեց իր արևմտամետ դիրքորոշումը նավթի և գազի արտահանման հարցում, սակայն նշեց, որ գազի որոշակի ծավալ կվաճառի Ռուսաստանին, իսկ նավթը` նաև Իրանին», – ասված է նամակում:
Համաձայն նամակի` ВР ընկերությունում կայացած հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է. «Ես չեմ շտապում Սահակաշվիլիին աջակցություն ցուցաբերելու հարցում, քանի որ դա դժվար թե որևէ բան փոխի»: Սակայն այնուհետև Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը ճանապարհներ է փնտրում գաղտնի կերպով Վրաստանին օգնելու համար:
«Ալիևը ասաց, որ Ադրբեջանը կօգնի Վրաստանին ավելի շատ, քան որևէ այլ երկիր` օգտագործելով Վրաստանում իր համերկրացիների ներուժը»,- ասվում է դիվանագետի նամակում: Դոնալդ Լուն նշում է, որ հավանաբար Ալիևը նկատի ուներ Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիներին: