Այսօր մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, համաձայն որի Հրայր Թոմասյանը Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն է, ուշագրավ մեկնաբանությունների առիթ է դարձել: Օրաթերթերը հիմնականում դրական են արտահայտվում Թովմասյանի անձի մասին:
Մասնավորաբար, «Հրապարակը» նշում է, որ Թովմասյանի հնարավոր նշանակումն այն քիչ դեպքերից է, երբ բոլորը` շարքային իրավաբաններից մինչև դատավորներ, ողջունում են կատարված ընտրությունը:
«Հրայր Թովմասյանը թեև պետական համակարգում երբեք չի աշխատել, սակայն բավական բարձր հեղինակություն ունի` որպես գրագետ իրավաբան, և ոչնչով վարկաբեկված չէ: Նա 40 տարեկան է, մշտապես աշխատել է միջազգային կառույցների հետ, մասնակցել է բազում օրենքների մշակմանը», – գրում է օրաթերթը:
«Հայկական ժամանակը» ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները որոշել են արդարադատության նոր նախարար նշանակելու հարցում ինչ-որ չափով սիրաշահել եվրոպական կառույցներին, քանի որ Թովմասյանի թեկնածությունը միջազգային կառույցների համար համեմատաբար ընդունելի կլինի:
«Ժամանակը» նշում է, որ Հրայր Թովմասյանն ունի ազնիվ, անկախ, անաչառ իրավագետի, բարձրակարգ սահմանադրագետի համբավ և որևէ կերպ չի առնչվել ու չի առնչվում իշխանական որևէ կլանի հետ: