Նախօրեին Մոսկվայում Կիևյան կայարանին հարող հրապարակի մոտ հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք կիսվել էին երկու խմբի` «ռուսներ» և «կովկասցիներ»: Թեև վերջինները թվաքանակով նկատելիորեն զիջում էին ռուսներին, բայց իրենց վստահ էին զգում: Այս մասին իր բլոգում գրում է Իլյա Վառլամովը:
Քանի որ ռուսները թվով գերազանցում էին կովկասցիներին, նախ և առաջ հրապարակից հեռացնում էին ազգությամբ ոչ սլավոնական պատկանելության քաղաքացիներին: Ավտոբուսի մոտ ձերբակալվածին հարցնում էին, «ռո՞ւս ես ,թե՞ կովկասցի»: Պատասխանի համաձայն` նրանց տեղավորում էին համապատասխան ավտոբուսում:
Անախորժություններից խուսափելու համար ՕՄՈՆ-ը ձերբակալում էր անխտիր բոլորին: Օրինակ սրճարանի մատուցողը դուրս էր եկել ծխելու և նրան անմիջապես ձերբակալել էին:
Զարմանալի ու տարօրինակ էր մեծ թվով երեխաների ներկայությունը: Այնպիսի տպավորություն էր, որ տեղեկատվությունը տարածել էին դպրոցներում: Ձերբակալվածների ուղիղ կեսը անչափահաս էին:
Բայց եթե երիտասարդ տղաները հասկանում էին ինչ է կատարվում, ապա իգական սեռի ներկայացուցիչները զվարճանում էին` հաճախ սադրելով ու դրդելով տղաներին որոշակի գործողությունների: Շատերը եկել էին գարեջրով, սակայն հարբածների թիվը շատ ավելի քիչ էր, քան «Մանեժնայա»-ի դեպքերի օրը:
Ոստիկանության համար անսպասելի կերպով ամբոխը խումբ ձևավորեց և սկսեց կարգախոսներ աղաղակելով առաջ շարժվել: Միայն 5 րոպե անց ոստիկանությունը հասկացավ, որ իրենց խաբել են և շրջափակեց ամբոխը: Սկսվեցին զանգվածային ձերբակալություններ: Շատերը զվարճանում էին` «Սա միայն սկիզբն է»: Ձերբակալվածներից վերցնում էին դանակներ ու սուր ծակող գործիքներ: