Այսօր մենք ներկա ենք ռուսական թալիբանի ծնվելու գործընթացին, «Эхо Москвы» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ռուս գրող և լրագրող Ալեքսանդր Պրոխանովը:
«Ինձ թվում է` այս բոլոր տղաները, ռուս տղաները, ամենևին էլ ազգայնական կամ ֆաշիստական կազմակերպություններից չեն. նրանք պարզապես ֆանատներ են, ֆուտբոլային ֆանատներ: Ուժային կառույցների ճնշման տակ, իսկ մյուս կողմից` այդ կազմակերպությունների գաղտնի և առեղծվածային կառավարման ներքո, դրանք աստիճանաբար վերածվում են հզոր և, հնարավոր է, անկասելի ուժի:
Մենք բախվում ենք Ռուսաստանի նոր պատմության հետ` շատ դաժան և սարսափելի: Այդ պատմությունը կարող է ավարտվել պետության փլուզմամբ: Այդ շարժումը կարող է հանգեցնել Պուտինի վրա հարձակման, և այդ դեպքում հողին է հավասարեցվելու այն ամենը, ինչ այսօր կոչվում են «պուտինիզմ»: Այս շարժումն իրականում կարող է դառնալ երկրի գերակշռող քաղաքական, իսկ հնարավոր է նաև ռազմական ուժը, որի դիմաց բոլոր կուսակցությունները, ջախջախված բանակը կամ կոռումպավցած ՆԳՆ-ն կդառնան անիմաստ և անօգնական:
Ռուսաստանն այլևս կայսություն չէ, այլ ազգային պետություն է, և մենք ավանդաբար անվանում ենք մեր երկիրը, որտեղ 85 տոկոսը ռուսներ են, ազգային պետություն: Իսկ ռուս մարդու համար ազգային պետությունում հանցագործություն է իրեն ազգայնամոլ անվանելը: Այսինքն` փոքրիկ Էստոնիայում ազգայնամոլ լինելը պրեստիժ է, Ուկրաինայում Յուշչենկոյի օրոք ազգայնամոլները զավթեցին իշխանությունը և դարձան երկրում իշխող հոգևոր ուժը, և միայն Ռուսաստանում ռուս մարդը, եթե հանդես է գալիս ազգայնական կարգախոսների ներքո, նա լավագույն դեպքում ազգայնամոլ է, վատագույն դեպքում` ֆաշիստ:
Ռուսներն այսօր փողոցում են` հուսահատ վիճակում, որովհետև նրանց ազգային առումով վիրավորված են, վիրավորված են նաև սոցիալապես, ռուսներից խլել են մեծ աշխատանքը, մեծ պատմությունը, մեծ հաղթանակը, մեծ մշակույթը, մեծ առաջնորդներին, նրանք կուրացած դուրս են եկել փողոց: Ընդ որում` նրանք դուրս են եկել ամբոխով. դա առայժմ կազմակերպություն չէ: Այդ կազմակերպության ղեկին չկա ռուս Սարտր, չկա անգամ Նեչաև կամ Կրոպոտկին:
Կարծում եմ` իշխանությունները, որոնք մեղավոր են այս ամենի մեջ, պետք է, առաջին հերթին, ընդունեն ազգային խտրականության փաստը: Եվ պետք է գտնել այդ այլանդակության շտկման բաղադրատոմսը:
Այժմ այդ ցրված ամբոխները կբաժանվեն միկրոխմբերի: 4-5-7 մարդ` ցանցային համակարգ, նրանք ամբողջ երկրով մեկ կստեղծեն փոքր ահաբեկչական կազմակերպություններ և խմբեր:
Իսկ ի պատասխան դրան` դուրս կգան կովկասցի ազգայնականներ` ռումբերով, շահիդներով: Այսինք պատերազմը կդառնա իրականություն: Այն արդեն դարձել է իրականություն», – հայտարարել է Պրոխանովը: