Home / Армения / Տիգրան Կարապետյանը բոլորին մեղադրում է և սպասում է 50 միլիոն դոլարի

Տիգրան Կարապետյանը բոլորին մեղադրում է և սպասում է 50 միլիոն դոլարի

ԱԼՄ հեռուստաընկերությանը կապուղի չտրամադրելու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումից հետո այսօր ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանն իր ղեկավարած հեռուստատեսության եթերում մի շարք մեղադրանքներ է ներկայացրել իշխանություններին, ընդդիմությանը և նախկինում իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությանը:

Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հայտարարությանը, որում ՀԱԿ-ը խոսել է «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկելու մասին, Կարապետյանը վրդդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ ՀԱԿ-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա ԱԼՄ-ի մասին:

«Յուրաքանչյուրն իր դաշտն է ջրում», – ասել է նա՝  հավելելով, որ ինքը միշտ լուսաբանել է ընդդիմությանը և այժմ «որ ասուլիս անեն, տենամ հեռուստաալիքներից ով կգա»:

Խոսելով Դաշնակցության մասին` նա նշել է, որ «իրենք իրենց ալիքը ունեն՝ «Երկիր Մեդիա»»:

«Իրենք դրսից ներուժ ունեն և երբ իրենց հարցնում ես՝ «իսկ եթե ձեռքներիցդ խլեն հեռուստաալիքը, իրենք ասում են՝ «թող փորձեն»», – հայտարարել է Տիգրան Կարապետյանը:

Նա նշել է, որ ՀՅԴ-ն ինքն իրեն անվանելով սոցիալիստ՝ մտածում է միայն իր մասին՝ «փոխարենը հասարակական արժեքների մասին մտածեն»:

Կարապետյանը նաև հերքել է այն խոսակցությունները, համաձայն որոնց իրեն մեղադրում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ:

«Ինձ մեղադրում են, որ ես համագործակցում եմ իշխանությունների հետ: Հա, շատ եմ համագործակցում, եթերից էլ զրկել են, շնչելու օդ էլ չեն թողել», – ասել է Կարապետյանը:

Անդրադառնալով իր հետագա քայլերին՝  նա նշել է, որ հանրահավաքների ճանապարհով չի գնա, որովհետև «իշխանությունները սովորել են հանրահավաքներին»:

Կարապետյանը նշել է նաև, որ իր ռուսաստանյան ընկերներն իրեն հավաստիացրել են, որ միշտ պատրաստ են իրեն ամեն ինչով աջակցել՝  նույնիսկ գումարով:

«50 միլիոն դոլար էլ պետք լինի կուղարկեն», – ասել է ԱԼՄ հոլդինգի ղեկավարը՝ չնշելով, սակայն, այդ ընկերների անունները:

«Կշարունակեմ իմ գործունեությունը այլ լրատվական միջոցների օգնությամբ», – հայտարարել է Կարապետյանը, մասնավորապես, մատնանշելով տպագիր մամուլը:

Կարապետյանի խոսքով՝  ինքը մյուս կողմից ուրախ է ու ոգևորված, որ «ինձ զրկեցին եթերից, որովհետև դա նշանակում է, որ ես հեղինակություն եմ, որ իմ խոսքն արժեք ունի»:

Նա նաև նշել է, որ պատրաստ է իրեն եթերազրկելու հարցը տանել մինչև Եվրոպական դատարան:

«Ես հալածվում եմ ճշմարտության համար», – ասել է Կարապետյանը: