Home / Հայաստան / «Հրապարակ». ՀՀ ոստիկանապետը ֆիլմ է նկարահանելու

«Հրապարակ». ՀՀ ոստիկանապետը ֆիլմ է նկարահանելու

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ֆիլմ են նկարելու ոստիկանության մասին` հիմնված իրական փաստերի վրա, գրում է օրաթերթը:

Ներկայացնելու են ոստիկանի իրական կերպարը, որ հասարակությունը ճիշտ ընկալի նրա դերն ու առաքելությունը: Մեր թղթակցի հարցին, թե ոստիկանությունն օբյեկտիվ կգտնվի և ֆիլմում կզետեղի իրական փաստերից այնպիսի դրվագներ, որտեղ ոստիկանն է նպաստում այս կամ այն հանցանքին, օրինակ` Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված Խալաֆյանի դեպքը` Սարգսյանը «քիչ մը» մռայլվելով ասել է. «Դատարանը վճիռն արձակեց, ես կարծում եմ` դրանից ավելի նորմալ դատարանի որոշումը եկեք չքննարկենք: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ոստիկանությունը անկեղծ կգտնվի, թե չէ, կարծում եմ` այս ժամանակահատվածում մի քիչ պիտի զգայիք, որ աշխատում ենք հնարավորինս անկեղծ լինել, ես ոչինչ չեմ թաքցնում»: Նա հավելել է նաև, որ ամենօրյա հաղորդաշար է լինելու, որտեղ ներկայացվելու է բացահայտված և չբացահայտված հանցանքների խրոնիկան. «Դուք կլսեք, թե ինչպիսի դեպքեր են գրանցվել, քանիսն են բացահայտվել, ում կողմից, քանիսը` ոչ»: Բացի այդ, ընդգծել է, որ անձամբ է վերահսկելու ֆիլմի սցենարի վրա կատարվող աշխատանքը և թույլ չի տալու, որ գռեհկաբանություններով և առօրյա խոսակցական կամ ժարգոնային լեզվով խոսեն համազգեստ կրողները, թերևս դա միայն թույլ կտա հանցագործների կերպարների դեպքում: