Home / Armenia / «Մոսկվան բոլորի համար է». Ռուսաստանում մարդկային հանրահավաքի են կանչում

«Մոսկվան բոլորի համար է». Ռուսաստանում մարդկային հանրահավաքի են կանչում

Եկեք մեզ հիմարի տեղ չդնենք, ձև չտանք, որ չենք հասկանում, թե ինչ է կատարվում այս օրերին: Ռուսաստանում հերթական անգամ վերանում է «նորմայի» հասկացությունը, և վերանում է բավական վախենալու ձևով: Այսպես է գրել ռուսաստանցի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Վիկտոր Շենդերովիչը Livejournal-ի իր բլոգում, ուր նա վերադարձել է ավելի քան կես տարվա ընդմիջումից հետո:

Նա նշում է, որ ստիպված է վերադառնալ, քանի որ այն, ինչ կատարվում է Մոսկվայի փողոցներում (ազգայնամոլ երիտասարդների ակցիաները և բախումները «ոչ ռուսների» հետ), ստիպում է «հնչեցնել այն բոլոր զանգերը (ոչ շատ), որոնք մեր տրամադրության տակ են գտնվում»

Այդ առիթով Վիկտոր Շենդերովիչը բոլորին կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 26-ին կազմակերպվող ակցիային, որը կայանալու է Պուշկինի հրապարակում: Ակցիայի կարգախոսն է` «Մոսկվան բոլորի համար է»:

Ինչպես երեկ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում նշել է Վիկտոր Շենդերովիչը, ակցիան ևս երկու կարգախոս է ունենալու` «Ռուսաստանն առանց նացիզմի» և «Անկախություն, հավասարություն, եղբայրություն»: Շենդերովիչի խոսքով ակցիայի իրազեկումն արդեն ներկայացվել է Մոսկվայի քաղաքապետարան:
   
«Առանց ինձ ժողովուրդը լիարժեք չէ», – իր բլոգում Շենդերովիչը մեջբերում է մեծ խորհրդային գրող Անդրեյ Պլատոնովի խոսքերը և նշում, որ այսօր այդ արտահայտությունն ինքն իրեն պետք է ասի յուրաքանչյուրը:

«Նրանք (ազգայնամոլները – Epress.am) խոսում են ժողովրդի անունից, և մինչ նրանք հրապարակում հազարավոր մարդկանց են հավաքում, իսկ մենք առանձին-առանձին սարսափում ենք մեր ֆեյսբուքներում, նրանք ավելի բարձր են խոսելու ժողովրդի անունից: Եվ ավելի վստահ գործելու են ժողովրդի անունից` վերջնականապես իջեցնելով երկիրն այնպիսի արյունոտ կեղտի մեջ, որից այն այլևս դուրս չի գա: Մենք շատ ենք, ուղղակի, ի տարբերություն նրանց, մենք հեռու ենք կանգնում ամբոխից: Մենք շատ ենք. երբեմն արժե դա ցույց տալ: Ես կանչում են նրան, ով չի ցանկանում ապրել այսպիսի Ռուսաստանում, մարդկային հանրահավաքի` «Մոսկվան բոլորի համար է», – գրում է Վիկտոր Շենդերովիչը: