«Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանի` Երևանի քաղաքապետի նշանակման մասին է գրում օրաթերթը:
Նրա փոխարեն ընկերության տնօրենի պաշտոնը կզբաղեցնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քավորսանիկական հարաբերություններ ունեցող Վարդան Հարությունյանը: Եվ այսպես, Երևանի 53-րդ քաղաքապետն այսուհետ կլինի ծագումով շամխորցի Կարեն Կարապտյանը: Ի դեպ` խոսակցություններ կան, որ նա Ռոբերտ Քոչարյանի հետ հեռու ազգակցական կապերի մեջ է: Ավելացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը` Երևանում ուսանող լինելու տարիներին ինչ-որ ժամանակ մնացել է Կարեն Կարապետյանի հայրական տանը: Ի դեպ` Կարեն Կարապետյանի հոր ղեկավարության տակ կշարունակի մնալ գազի սարքավորումների առուվաճառքով զբաղվող ամենախոշոր ընկերությունը: Հաշվիչների, խողովակների, անվտանգության սարքավորումների և գազի հետ կապված բոլոր տիպի «աքսեսուարների» ներմուծման, արտադրման և առուվաճառքի մենաշնորհը պատկանում է հենց Կարեն Կարապետյանին:
Ինչ վերաբերում է Վարդան Հարությունյանին, ապա նա օրերս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ կայացել է նրա նշանակման որոշումը: Վարդան Հարությունյանը բավականին տևական ժամանակ է, ինչ աշխատում է այդ բնագավառում, և կարծիք կա, որ նա գրագետ, լեզուների իմացությամբ անձնավորություն է, որը, չնայած համապատասխան կրթություն չունի, բայց լավ տնտեսագետ է և քաջատեղյակ է ոլորտին: Ի դեպ` Վարդան Հարությունյանին է պատկանում «Արքայաձոր» ռեստորանային համալիրը, որտեղ էլ տարբեր առիթներով հավաքվում են «գազավիկները»:
Ավելացնենք նաև, որ երեկ երեկոյան կայացած ՀՀԿ խորհրդի նիստից շատերը դուրս են եկել ծանր տպավորություններով: Տարոն Մարգարյանի թեկնածությունն այդպես էլ չի հաստատվել և դրա համար առանձնապես որևէ մեկը չի էլ պայքարել: