Home / Армения / Կրասնոդարի հայերը պահանջում են պատժել ազգայնամոլներին

Կրասնոդարի հայերը պահանջում են պատժել ազգայնամոլներին

Կրասնոդարի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները դեռահաս Բագրատ Ասատրյանի վրա հարձակման վերաբերյալ հայտարարությամբ դիմել են պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներին:

Հայտարարության հեղինակները խնդրում են պարզել տեղի ունեցածի մանրամասները և պատժել մեղավորներին:

«Ականատեսների և տուժածի վկայությունները թույլ են տալիս պնդել, որ տեղի է ունեցել ազգամիջյան ատելության հողի վրա կատարված հանցագործություն: Հանրությանը փորձում են համոզել, որ դա պարզապես խուլիգանություն է:

Կրասնոդարի տարածքում գործող արմատական և ազգայնական խմբավորումները լավ ծանոթ են ոչ միայն բնակչությանը, այլև իրավապահ մարմիններին», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Живая Кубань» պարբերականը, Կրասնոդարում դեկտեմբերի 13-ին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք: Ոստիկանությունում հայտնել էին, որ ծեծկռտուքին մասնակցել է 8 դեռահաս: Երկուսը դանակով հասցված վերքերով տեղափոխվել էին հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:
 
16-ամյա Բագրատ Ասատրյանը, ում դանակով մոտ 10 հարված է հասցվել, դեկտեմբերի 15-ին գիտակցության է եկել: Տղայի հայրը պատմել է, որ դպրոցականների վրա հարձակվել էր 20 մարդ: