Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) պարբերականում հրապարակված «Ժողովրդավարության ցուցիչ-2010» վարկանշային աղյուսակի տվյալների համաձայն` Հայաստանը 109-րդ տեղն է զբաղեցրել` 26 տեղ առաջ անցնելով Ադրբեջանից և 6 տեղ զիջելով Վրաստանին:
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանը մտնում է այն 33 երկրների մեջ, որոնք տեղ են գտել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Սրանք այն երկրներն են, որտեղ ժողովրդավարության որոշ տարրեր երևում են, բայց գործում է նաև ավտորիտար համակարգ:
Հետազոտությանը մասնակցած 167 երկրներ բաժանվել են 4 կատեգորիայի` լիակատար ժողովրդավարական, խնդրահարույց ժողովրդավարական. հիբրիդային ռեժիմով և ավտորիտար համակարգով առաջնորդվող երկրներ:
EIU-ի հետազոտությունների համաձայն` աշխարհում լիակատար ժողովրդավարական է 26 երկիր: Առաջին 5 տեղերում են համապատասխանաբար` Նորվեգիան, Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան:
Դրանց հաջորդում են Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Ավստրիան, Գերմանիան, Մալթան, Չեխիան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հարավայաին Կորեան, Ուրուգվայը, Ճապոնիան, Բելգիան, Մավրիտանիան, Կոստա-Ռիկան և Պորտուգալիան: Ինչպես նշում է պարբերականը, ժողովրդավարության հարցում առաջատար երկրների բնակչությունը կազմում է ողջ երկրագնդի բնակչության 12%-ը:
Ռուսաստանը նույնպես գտնվում է «հիբրիդային ժողովրդավարության» կատեգորիայում` գրավելով վարկանշային աղյուսակի 107-րդ տեղը: Ադրբեջանը 135-րդ տեղով Չինաստանի հարևանությամբ է գտնվում:
Իսկ Իտալիայում, ֆրանսիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, հետազոտությունների համաձայն, «խնդրահարույց ժողովրդավարություն է»: Աղյուսակը եզրափակում են Քաթարը, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Տաջիկստանը, Աֆղանստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, որը զբաղեցրել է 167-րդ վերջին «պատվավոր» հորիզոնականը: