Հայ ազգային կոնգրեսն այսօր Հայաստանի չորս քաղաքներում` Երևանում, Ապարանում, Մարտունիում և Մասիսում անցկացրել է բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Մասիսում ժողովուրդը հավաքվել է ՀԱԿ-ի գրասենյակի մոտ և երթով շարժվել դեպի կենտրոնական հրապարակ, որտեղ տեղի է ունեցել փոքր ակցիա, որին մասնակցել է մոտ 250-300 մարդ: Կոնգրեսի ներկայացուցիչների հավաստմամբ` հրապարակում եղել են ակցիային չմասնակցող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք թեև ուշադիր հետևել են հանարհավաքին, սակայն վախեցել են մոտենալ, քանի որ հրապարակի տարածքը շրջապատված է եղել ոստիկաններով:
ՀԱԿ-ի հանրահավաքին հնչած ելույթները հիմնականում վերաբերում էին քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ճանապարհներին, երկրում ստեղծված իրավիճակին, երկրում ծավալված պայքարին` հանուն սահմանդրական կարգի վերականգնման, և այլն:
Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասել է, որ Կոնգրեսը նպատակ է դնում կատարել այն, ինչ Երևանում կատարվել է:
«Այսինքն` վախի մթնոլորտը ջարդված է, ժողովուրդը ակտիվացած է, նույնը անել շրջաններում: Որովհետև, շրջաններում, ամեն դեպքում, հետմարտիմեկյան ահաբեկումներով, բավական սառեցված է իրավիճակը, և հիմա Կոնգրեսը նպատակ է դնում, ամբողջ Հայաստանում կոտրել այդ վախի մթնոլորտը, ժողովրդին ոտքի կանգնեցնել և ներգրավել մարդու իրավունքների համար ժողովրդավարական պայքարի մեջ», – ասել է Զուրաբյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այն մթնոլորտում, որն այսօր ստեղծված էր Մասիսում, բավական լավ ակտիվություն է գրանցվել:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ այս ակցիաներն իմաստ ունեն կրակը թեժ պահելու, իշխանությունների վրա ճնշում գործադրելու, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու, որպեսզի օր առաջ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ իրենք իրավունք չունեն գլուխը հանգիստ բարձին դնելու, «քանի դեռ Սասունի, Նիկոլի ու նրանց նման տղաներն անազատության մեջ են»:
«Նման տղաների ազատությունը սարսափեցնում է իշխանություններին: Նիկոլն ունի մեկ կարգախոս 1+1+1, և դա հենց այնպես չի ասվում: Ձեզանից շատերը մտածում են` ի՞նչ կարող եմ անել ես, ընդամենը մի բան` պայքարել մեզ հետ, դառնալ մեր երկրի իսկական քաղաքացիի, իմանալ ձեր իրավունները և պայքարել էդ իրավունքների համար»,- ասել է ՍԴՀԿ ատենապետը: