Մասիսում, Ապարանում և Մարտունիում Հայ ազգային կոնգրեսի այսօրվա բոլոր ակցիաները սկսվել են երթով: Մարտունիում ակցիայի մասնակիցները սկզբում հավաքվել են Երևանյան փողոցի վրա գտնվող ՀԱԿ-ի գրասենյակի մոտ և այնտեղից երթով շարժվել դեպի Մարտունիի քաղաքապետարանի տարածք: Քաղաքապետարանի մոտ գտնվող Մյասնիկյանի արձանինրանք անցկացրել են փոքր հանրահավաք:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը մարտունեցիներին ուղղված իր խոսքում նշել է, որ պետք է պայքարել բոլոր քաղբանտարկյալների ազատության համար:
«Պետք է հիշենք, որ նրանք գտնվում են բանտերում` մեզանից յուրաքանչյուրի փոխարեն: Եվ մենք բոլորս պարտավոր ենք կատարել մեր մարդկային, համամարդկային, քաղաքացիական պարտքը: Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այսօրվա իշխանությանը երկար կյաքն չի մնացել: Եվ հիշե’ք, այս իշխանությունը կամաց-կամաց չի քանդվելու` ինչպես բոլոր բռնապետությունները, քանդվելու է միանգամից, ժամերի ընթացքում»,- նշել է Դավիթ Շահնազարյանը և հավելել, որ նոր տարին լինելու է իշխանափոխության տարի:
Ելույթ է ունեցել նաև Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Ավետիս Ավագյանը, ով նշել է, որ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ազատ քաղաքացիների վրա:
«Պետք է մոբիլիզացնել ուժերը և պատրաստվել ընտրությունների, իսկ ընտրությունները լինելու են արտահերթ»,- հայտարարել է Ավագյանը: