Մոսկվայում և շրջաններում ավելանում է ազգային հողի վրա իրականացվող հարձակումների թիվը: Երեկ անհայտ անձինք սպանել են Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացու և դաժանորեն ծեծի են ենթարկել Վիետնամի 37-ամյա քաղաքացու:
Ազգամիջյան ենթատեքստ ունեցող վեճերին մասնակցում են անգամ երեխաները: Մոսկվացի մի 14-ամյա տղա դանակահարել է կովկասյան ծագում ունեցող իր համադասարանցուն:
Այժմ հաղորդագրություն է հայտնվել, թե Մոսկվայում դաղստանական ավտոպետհամարանիշերով մեքենայից կրակ են արձակել մարդկանց վրա: Ոստիկանությունը չի հաստատում նման տեղեկատվությունը` նշելով, որ տուժածներից որևէ բողոք չի ստացվել, իսկ դեպքի մասին հայտնել է «ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդների խումբ»:
Սարկավագ Անդրեյ Կուրաևն այն կարծիքին է, որ այն ռուսներին, ովքեր անցած շաբաթ Մանեժնայա հրապարակում ակցիա էին անցկացնում, ճիշտ չէ ֆաշիստ անվանել: «Եթե հազարավոր մտահոգ մարդկանց, ովքեր լուրջ պատճառ ունեին Մանեժնայա հրապարակում իրենց բողոքն արտահայտելու համար, մենք ֆաշիստ ենք անվանում, ապա այդ նման կերպ վերակենդանացնում ենք «ֆաշիստ» բառը: Այս դեպքում հազարավոր մարդիկ կարող են իրենց «ֆաշիստ» համարել»,- nakanune.ru-ին տված հարցազրույցում ասել է Կուրաևը:
Նա ընդգծել է, որ հասարակական կարծիքը միանշանակ դատապարտում է տաջիկների, ուզբեկների, աֆրիկացիների նկատմաբ սքինհեդների իրագործած արարքները, սակայն բոլորովին այլ արձագանք է լինում այն դեպքում, երբ բախումներ են տեղի ունենում հյուսիսային կովկասի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես համարվում են Ռուսաստանի քաղաքացիներ:
«Մենք իրական անհամապատասխանություն ունենք մշակութային հարցերում, և այդ տարբերությունները սուբյեկտիվ բնույթ չեն կրում, դրանք իրականություն են: Երբ ես խոսում եմ մշակութային անհամապատասխանության մասին, նախ և առաջ, ինձ համար ակնհայտ է դառնում դեռահասների մշակութային տարբերությունների հարցը կռիվների ժամանակ: Ռուսական ավանդույթի համաձայն` կռիվը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ արյուն չկա: «Զապադլո» է հարձակվել քեզանից ավելի թույլի վրա», – ասել է Կուրաևը:
Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ «հյուսիսկովկասցի տղաների ընկալմամբ` այդ ամենը նորմալ է, եթե քո դիմաց սլավոնական պատկանելության մեկն է կանգնած:
Անդրեյ Կուրաևը վստահ է, բողոքողները Մանեժնայա հրապարակում ոչինչ էլ չեն արել, միգուցե միայն մի քանի եղևնի են շուռ տվել:
«Փորձեք համեմատականներ անցկացնել այս օրերին Լոնդոնում կատարվող իրադարձությունների և Մոսկվայի դեպքերի միջև, և դուք կտեսնեք. որ Մանեժնայաի ակցիան պարզապես մանկապարտեզային զբոսանք է եղել», եզրափակում է Կուրաևը: