Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում խնդրել է ԱՄՆ Պետդեպի ղեկավարին աջակցել, որպեսզի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը տապալվի ԱՄՆ-ը Կոնգրեսում ներկայացվելու դեպքում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար դա շատ կարևոր խնդիր է և ասել, որ ԱՄՆ-ը վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի բանաձևն արգելափակելու համար:
Համաձայն «Անադոլու» գործակալության, Հիլարի Քլինթոնը նշել է, որ ամերիկյան կողմը գնահատում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, և իրենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի այդ բանաձև չանցնի ԱՄՆ Կոնգրեսում:
Այս կարծիքը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: Պատասխանելով Հայոց Ցեղասպանության ընդունման 252-րդ բանաձևի մասին հարցին` Քրոուլին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է այդ բանաձևին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Թուրքիայի համատեղ անցյալին անդրադառնալու լավագույն ձևը հարաբերությունները բարելավելու նրանց ջանքերը կլինեն», – ասել է Քրոուլին:
Նշենք, որ երեկ ԱՄՆ ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոզին հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը կարող է Կոնգրեսի քննարկմանը դրվել գալիք 48 ժամվա ընթացքում: