Դեկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի բաժնի փոխտնօրեն Մարտին Հագստրյոմի և Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարտին Ռոզենի հետ:
ՀԱԿ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի տեսակետները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտիմեկյան ոճրագործության անկախ հետաքննության անցկացման, Հայաստանում հեռուստատեսային ոլորտի ազատականացման, ժողովրդավարական ընտրությունների անցկացման հետ կապված հարցեր: Զուրաբյանը ներկայացրել է երկրում ձևավորված կոռուպցիոն համակարգի արմատական վերափոխման վերաբերյալ ընդդիմության մոտեցումները:
Քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: