Մոսկվայի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում մայրաքաղաքի արևմտյան հատվածում պարեկային անձնակազմի և 3 կովկասցիների փոխհրաձգության հետևանքով սպանության կապակցությամբ: Փոխհրաձգության վայրում հայտնաբերվել է ատրճանակ, ինչպես նաև կտորից դիմակ:
ՌԲԿ-ի փոխանցմամբ` բակերից մեկում ոստիկանները գտել են նաև դեռ աշխատող շարժիչով ՎԱԶ-2106 մակնիշի մեքենա: Մեքենայի մեջ հայտնաբերվել են երկու հայաստանցիների անձնագրեր, ինչպես նաև ևս մեկ հայի անունով տրված մեքենայի լիազորագիր:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ոստիկանները փոխհրաձգություն են սկսել այն ժամանակ, երբ կովկասցիները փորձել են թալանել փող տեղափոխող անձնակազմին: Նրանք նախազգուշական կրակ են արձակել, այնուհետև փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով ոստիկանի գնդակի զոհ է դարձել կովկասցիներից մեկը: Մյուս երկուսը փախուստի են դիմել: