Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ մասնակցելու է բարեգործական ակցիայի:
21-ամյա ֆուտբոլիստը որոշել է օգնել ԼՂՀ-ի մանկատներում ապրող երեխաներին: Վաղը Հենրիխ Մխիթարյանը նվերներ է բաժանելու երեխաներին և ֆինանսական օգնություն տրամադրելու:
Հենրիխ Մխիթարյանը փոքր տարիքից առանց հայր է մեծացել: Նրա հայրը` Երևանի «Արարատի» և Հայաստանի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Համլեթ Մխիթարյանը, մահացել է 1996 թվականին, երբ Հենրիխը 7 տարեկան էր:
Նշենք նաև, որ Մխիթարյանը ներկա կլինի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված գալա-երեկոյին: Երեկոյի ընթացքում կհայտարարեն նաև Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Հիշեցնենք, որ այս տիտղոսին հավակնում են միայն այն խաղացողները, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հավաքականում: