Դեկտեմբերի 20-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Երևանի 53-րդ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի նոր քաղաքապետի ընտրության կապակցությամբ: Ցանկանում եմ նրան նոր եռանդ, հաստատակամություն և հաջողություն», – իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երևանում, ունի բարոյական լավ նկարագիր:
«Պարո’ն Կարապետյան, մաղթում եմ, որպեսզի Դուք արդարացնեք բոլորիս հույսերը և հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը», – հայտարարել է երկրի ղեկավարը: