Կոալիցիոն համագործակցությունն այս պահին արդյունավետ շարունակվում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով 2010 թվականին կոալիցիայի ներսում ի հայտ եկած տարաձայնությունների մասին հարցին` բանախոսն ընդգծել է, որ «քաղաքակիրթ պայքարը նորմալ է»:
«Առանց մրցակցության մենք չենք կարող ակնկալել առաջընթաց, և շատ նորմալ է, երբ որ այս կամ այն քաղաքական ուժը ցանկանում է ավելի մեծ մասնաբաժին ստանալ ընտրությունների ժամանակ: Սակայն դա պետք է որոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին», – հայտարարել է ՀՀԿ քարտուղարը:
Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծել է, որ որևէ կոալիցիա հավերժ չի գործում, դրանք ստեղծվում են տարբեր ծրագրերի շուրջ` այդ ծրագրերն իրականացնելու համար:
«Հանրապետականը գտնում է, որ կոալիցիան այս պահին արդյունավետ աշխատում է, իսկ մնացած լուրերին ես չեմ ցանկանում անդրադառնալ, որովհետև և պարոն Ծառուկյանն է անդրադարձել այդ լուրերին, և նախագահը շատ հստակ խոսեց կոալիցիայի արդյունավետության մասին», – եզրափակել է Շարմազանովը:
Լուսանկարը` Ֆոտոլուր