2009 թվականի հոկտեմբերին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նամակ էր հղել ԱՄՆ Պետդեպ, որում նամակի հեղինակները գոհունակություն են հայտնում այն կապակցությամբ, որ Միացյալ Նահանգներն օգնել են Վրաստանին վերազինել սահմանային անցակետերը` նոր սարքեր տեղադրելով: Wikileaks.org կայքի կողմից գաղտնազերծված նամակը հրապարակել է բրիտանական Guardian պարբերականի կայքը:
Գաղտնի փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգների տրամադրած սարքերից մեկի օգնությամբ, որը տեղադրված է եղել հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետում, 2009 թվականի օգոստոսի 26-ին հաջողվել է ֆիքսել հայկական մեքենա, որը ռադիոակտիվ ճառագայթման բարձր մակարդակ է արձանագրել: Հայաստանի ու Վրաստանի սահմանին ստուգող սարքը կարողացել է արձանագրել այդ փաստը, սակայն սահմանապահները չեն ձերբակալել Հայաստանի երեք քաղաքացիների, քանի որ հավատացել են վարորդի բացատրությանը: Ըստ վարորդի` ինքը վիրահատություն է տարել և բուժման արդյունքում նրա օրգանիզմում որոշ ռադիոակտիվ նյութերի հետքեր են մնացել:
Նույն մեքենայի հետդարձի ճանապարհին սարքի ազդանշանը կրկին միացել է, և սահմանապահները ստուգել են մեքենան: Սարքերը ցույց են տվել, որ մեքենայում ճառագայթման մակարդակը չափազանց բարձր է: Հայաստանի քաղաքացիները բացատրել են, որ մեքենան երկար ժամանակ կանգնած է եղել Հայաստանում գտնվող իրենց գյուղի շրջակայքում գտնվող ռադիոկայանի մոտ:
Քանի որ հիմնավոր ստուգման արդյունքում մեքենայում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել, Հայաստանի քաղաքացիներին բաց են թողել:
Նամակի հեղինակները նշում են, որ ամերիկյան Դաշնային հետախուզական ծառայության ներկայացուցիչն այդ հարցի կապակցությամբ արդեն աշխատում է Հայաստանի իշխանությունների հետ:
Գաղտնի փաստաթղթում նաև նշվում է, որ միջադեպը վկայում է այն մասին, որ Վրաստանի կողմից աշխատող հատուկ մասնագետները դեռևս լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեն: