Home / Армения / Փոխել վարձու աշխատողի հոգեբանությունը. Հայաստանում խոսել են «ժողովրդական կապիտալիզմի» մասին

Փոխել վարձու աշխատողի հոգեբանությունը. Հայաստանում խոսել են «ժողովրդական կապիտալիզմի» մասին

Ո՞րն է Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրի հիմնական գաղափարական ուղերձը: Շաբաթ օրը Կոնգրեսին կից գործող «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի նիստին այս մասին է խոսել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Պատասխանելով վերոնշյալ հարցադրմանը՝ Բագրատյանը ասել է, որ ծրագրի գաղափարական ուղերձը կարելի է ձևակերպել որպես դիվերսիֆիկացված տնտեսության ստեղծումը սեփականության իրավունքի դիվերսիֆիկացման միջոցով:

«Հայաստանում գործող օլիգարխիկ կապիտալիզմի մոդելը ենթադրում է սեփականության տարբեր ստատուսներ՝ արտոնյալ և ոչ արտոնյալ, և այդ մոդելից անհրաժեշտ է անցում կատարել «ժողովրդական կապիտալիզմի», կամ «ընկերվարական կապիտալիզմի» համակարգին, երբ որ սեփականութան իրավունքը սփռվելու է Հայաստանով մեկ, 5-10 իրականում տնտեսվարող սուբյեկտների փոխարեն գոյանալու են 1,5 միլիոն ակտիվ տնտեսական գործակիցներ», – պարզաբանել է Հրանտ Բագրատյանը:

Նա նշել է, որ Արևմուտքի զարգացած երկրներում ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմում է բնակչության 20-ից 40 տոկոսը, իսկ հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Հայաստանում՝ ընդհամենը 4-5 տոկոս: Ավելի հատկանշական է  Չինաստանի օրինակը, որտեղ այդ գործակիցը հասնում է 60 տոկոսի. այդ երկրում հստակորեն գործում է տնտեսական դեմոկրատիա, և հենց դա է հանդիսանում նրա ընդգծված տնտեսական հաջողության գրավականը:

«Պետության դերը տնտեսական ոլորտում հիմնականում կայանում է նրանում, որ նա պահպանի մարդկանց հնարավորինս լայն ընդգրկվածությունը տնտեսական կյանքին իբրև ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտ ու սեփականատեր, թույլ չտա սեփականության ու լիազորությունների կուտակումը խոշոր կորպորացիաների ձեռքում՝ ինչ կարճաժամկետ թվացյալ առավելություններ էլ դա չխոստանա: Պետությունը նաև չպետք է թույլ տա բնակչության կախվածության ձևավորումը բրգաձև կառուցվածք ունեցող խոշոր սուբյեկտներից», – ասել է տնտեսագետը:

Այն հարցին, թե ինչպես է քանդվելու իշխող օլիգոպոլիան իշխանափոխությունից հետո, Բագրատյանը պատասխանել է, որ ապօրինության դեմ ապօրինի չի կարելի պայքարել, բայց Հայաստանի խոշոր բիզնեսում կան մի քանի հարյուր սեփականության ապօրինի ձեռք բերման աղաղակող դեպքեր:

«Պետության դերակատարումը կլինի ազգայնացնել այդ հանցավոր սեփականությունը հետագա սեփականաշնորհումով փոքր սեփականատերերին», – ասել է Բագրատյանը:
Նա նշել է, որ տնտեսվարման մեթոդների անարդյունավետության պատճառով օրինական հարկային դաշտ բերելու և իրական մրցակցության առաջանալու դեպքում այդ խոշոր ձեռնարկությունների մեծ մասը արագ կսնանկանան, ինչը նույնպես կնպաստի սեփականության վերաբաշխմանը հօգուտ միջին և մանր ձեռնարկատերերի:

Այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում հանրային սեփականության ոլորտի առաջացումը, Բագրատյանը պատասխանել է, որ հիմնականում դա արվելու է չօգտագործվող տարածքների ու տնտեսական օբյեկտների առգրավումով, անավարտ շինարարության պրոգրեսիվ հարկումով:

Ներկաներին հետաքրքրել է նաև, թե արդյոք Ռուսաստանից կախվածությունը տնտեսական ոլորտում չի խոչընդոտի առաջարկվող բարեփոխումներին:

Բանախոսը պատասխանել է, որ չի ընդունում «կախվածություն ինֆանտիլ վարկածը»:
«Մենք կախված ենք այն պատճառով, որ, բոլոր թերություններով հանդերձ, ռուսները իրենց տնտեսական կառավարման մակարդակով միևնույնն է մեզանից բարձր են: Հենց դա փոխվեց՝ կվերանա նաև կախվածությունը», – ասել է Բագրատյանը:

Տնտեսագետը նշել է, որ «100 քայլը» փիլիսոփայական փոփոխություն է առաջադրում, այն է՝ զանգվածաբար փոխել տիրող վարձու աշխատողի հոգեբանությունը, ու դաստիարակել սեփականատերին.

«Դրա գրավականն է ոչ միայն համատարած սեփականաշնորհումը, այլ նաև համագործակցության, փոխօգնության, ընկերվարության մշակույթի ստեղծումը: Անհրաժեշտ են մանր սեփականատերերի փոխօգնության կոոպերատիվներ, որոնք ղեկավարվելու են միայն դրանց իրական մասնակիցների կողմից: Փոխօգնության մթնոլորտը հարկավոր է տարածել նաև ամբողջ հասարակությունում, պետք է ստեղծվեն պետական գրանտերի հաշվին աշխատող սոցիալական մասնագիտացում ունեցող NGO-ներ, որոնք մարդուն մենակ չեն թողնի ծերության, հիվանդության, կարիքի, մոտիկի մահվան առջև, և դադարել այն խոսակցությունը, որ իբր «հայերը իրար հասնող ազգ են»»:

Հայաստանի հիմնական, պատմությունից եկող թուլությունը Բագրատյանը համարել է աշխատանքի ավանդաբար ցածր եղած արտադրողականությունը, որը միշտ ցածր է եղել հարևաններից: Բանախոսի համոզմամբ՝ դա պայմանավորված է, թե եկեղեցու դիրքորոշումներով, թե հայ ընտանիքի արատավոր մոդելով, թե մարդու քաղաքական, տնտեսական ու մշակութային ինքնուրույնության հանդեպ  ունեցած վախով ու թերահավատությունով:

«Այսպիսի արժեքներով մենք պարզապես չենք կարող մուտք գործել 21-րդ դար», – համոզմունք է հայտնել Բագրատյանը:

Նյութը տրամադրել է Արա Նեդոլյանը