Հարավային Կորեայի հրետանին զորավարժություններ է սկսել Կորեայի Հանրապետության և Կորեայի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև ընկած ծովային սահմանի վրա գտնվող Յոնփխյոնդո կղզու տարածաշրջանում, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրին:
Հարավային Կորեան որոշել է զորավարժություններ անցկացնել` անկախ ԿԺԴՀ-ի սպառնալիքներից: Նախորդ անգամ` նոյեմբերի 23-ին, զորավարժությունների ժամանակ հրաձգության հետևանքով Յոնփխյոնդոյում 4 մարդ էր զոհվել:
Հարավային Կորեայի իշխանությունները կոչ են արել կղզու բնակիչներին լքել իրենց բնակավայրերը, իսկ նրանց, ում չեն հասցրել տարհանել, տեղավորել են ապաստարաններում: