Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». ԲՀԿ-ին սպառնո՞ւմ էին «6-րդ վարչությամբ»

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ին սպառնո՞ւմ էին «6-րդ վարչությամբ»

Շաբաթ օրը վաղ առավոտից իրավապահ և քաղաքական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կամ, այսպես կոչված, «6-րդ վարչության» և ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատայիններին գիշերվանից հրամայվել է պատրաստ լինել անհապաղ լայնամասշտաբ օպերատիվ գործողություններ սկսելուն, տեղեկացնում է օրաթերթը:

Չի ասվել, թե նման հրահանգի պատճառը որն է, բայց ներքին կարգով իրավապահները իմացել են, որ իրադարձությունների հետագա զարգացումը պայմանավորված է լինելու նրանով, թե արդյոք ԲՀԿ-ն կհայտարարի՞ կոալիցիայից դուրս գալու մասին: Եթե ԲՀԿ-ն այնումենայնիվ որոշեր հայտարարել կոալիցիայից դուրս գալու մասին, ապա իրավապահները սկսելու էին «հավաքել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շրջապատին` թիկնազորին և մերձավոր անձանց: Նշվում էր նաև, որ «6-րդ վարչությունը» զուգահեռ զբաղվելու էր Ծառուկյանի օբյեկտների գործունեությունը կասեցնելով: Քաղաքական շրջանակներում խոսվում էր նաև, որ ԲՀԿ-ին սպասվող հեռանկարի մասին տեղյակ է պահվել այդ կուսակցության ղեկավարությանը` նրանց հնարավորություն տալով ընտրություն  կատարել` երդվել, որ չեն պատրաստվում կոալիցիայից դուրս գալ կամ հաշված րոպեներում դառնալ հանցավոր խմբավորման պիտակի կրող: Ի վերջո կրքերը հանդարտվել են օրվա երկրորդ կեսին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 14-ին նախատեսված ՀՀԿ 20-ամյակի քեֆ-ուրախության մեկնարկից առաջ: Իրավիճակի լիցքաթափման առարկայական ապացույցը դարձել է հենց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. ժամանելով մարզահամերգային համալիր` լրագրողների հարցերին ի պատասխան նա հավաստիացրել է, թե ԲՀԿ-ն չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից: Մեր թղթակցի հարցմանն ի պատասխան `ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պաշտոնակատարա Աշոտ Ահարոնյանը հերքել է «6-րդ վարչության» ողջ անձնակազմին դեկտեմբերի լույս 18-ի գիշերվանից մինչև օրվա կեսը աշխատավայրում` օպերատիվ գործընթաց սկսելուն կազմ ու պատրաստ պահելու մասին լուրերը: