Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 21-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ վարում էր Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Այսօր քաղաքապետին ներկայացվել են համաքաղաքային ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանց հետ կապված խնդիրները, զեկուցվել է, որ ավարտվել է Հրազդանի կիրճում գարնանը փլուզված ճանապարհի վերականգնումն ու նորոգումը։
Խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է մշակել տրանսպորտային նոր հայեցակարգ՝ հաշվի առնելով տրանսպորտային կուտակումներից խուսափելու և արդյունավետ փոխադրումներ կազմակերպելու միջազգային փորձը։
Քաղաքապետը շեշտել է, որ քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղությունը ներդրումների ներգրավումն է, քաղաքային կառավարման նոր, ժամանակակից մշակույթի ձևավորումը։
Կարեն Կարապետյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները.
«Այստեղ խաղի կանոնները պետք է հստակ լինեն, եթե որևէ մեկին որևէ հարցում ասում ենք ոչ, ապա նմանատիպ բոլոր դեպքերում պետք է ասենք ոչ՝ բոլորին անխտիր»։