ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին վերահաստատել է Միացյալ Նահանգների վարչակազմի դիրքորոշումն առ այն, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը չպետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսում: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին կայացած Քրոուլիի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել էին բանաձևի հետագա ճակատագրի մասին, և նա պաշտոնապես հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է տվյալ նախագծին:
Երեկ լրագրողները նույն հարցն են հնչեցրել, որին ի պատասխան Քրոուլին ևս մեկ անգամ կրկնել է Պետդեպի պաշտոնական դիրքորոշումը` հավելելով, որ «իրենք այդ հարցով կապի մեջ են Կոնգրեսի հետ»:
Լրագրողները շարունակել են «հարցախեղդ» անել Քրոուլիին` մի քանի անգամ տարբեր շեշտադրումներով հետաքրքրվելով, թե արդյոք ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անձամբ զրուցել է Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոզիի հետ` հորդորելով վերջինս քվեարկության չհանել բանաձևը:
«Ես չեմ կարող ասել, որ դա եղել է հենց Պետքարտուղարը, բայց մենք հաստատ կապի մեջ ենք եղել Կոնգրեսի հետ և հստակ խոսել ենք Հայոց Ցեղասպանության բանաձևին մեր դեմ լինելու մասին», – ասել է Քրոուլին` նշելով, որ դեկտեմբերի 17-ին արված հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, իսկ Պետդեպն այս հարցի կապակցությամբ շարունակում է կապի մեջ մնալ Կոնգրեսի հետ:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով դեմ դուրս գալ Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին: Նման խնդրանքով Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն դիմել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: