WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը առաջին հարցազրույցն է տվել Պետդեպի փաստաթղթերի գաղտնազերծումից հետո: Սկանդալային լրագրողի հետ հարցազրույցը վարել է բրիտանական The Times օրաթերթի թղթակիցը:
39-ամյա ավստրալացին հերթական անգամ հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները: «Ես անբարո սեռական կյանք չեմ վարում, ես պարզապես շատ եմ սիրում կանանց»,- հայտարարել է Ասանջը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ սեռական բռնության մեջ մեղադրանքը իրականում կապված է WikiLeaks-ի հրապարակումների հետ:
Ասանջը կրկին ենթադրություն է արել, որ շվեդական իշխանությունները կեղծ լուրեր են տարածում իր անձի վրա ստվեր գցելու համար: Մասնավորապես, լրագրողը մեղադրում է The Guardian-ին, որը հրապարակել էր իրեն վերաբերող սկանդալային նյութեր: Ասանջն այս քայլը որակել է որպես անբարոյական արարք: «Ակնհայտ է, որ այդ տեղեկությունների արտահոսքը միտված էր խոչընդոտելու գրավի դիմաց իմ ազատ արձակմանը»,- հայտարարել է Ասանջը:
The Guardian-ն ի սկզբանե WikiLeaks-ի գործընկերն է եղել Պետդեպի և Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումների հարցում: Ասանջի խոսքով` պարզապես անբարոյական քայլ է սկզբում օգտվել WikiLeaks-ի նյութերից, այնուհետև սևացնել իր անունը:
Մեկնաբանելով այն հաղորդագրությունը, համաձայն որի` ԱՄՆ իշխանությունները համապատասխան առիթի են սպասում լրտեսության մասով Ասանջի դեմ դատական գործ հարուցելու համար, ավստրալացին հայտարարել է, որ իրեն կսատարի ամերիկյան ժողովուրդը:
Խոսելով ապագայի հետ կապված ծրագրերից` Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ WikiLeaks-ն աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկի մասին շատ կարևոր տեղեկությունների է տիրապետում: Թեև Ասանջը չի հիշատակել ընկերության անունը, ենթադրվում է, որ խոսքը Bank of America-ի մասին է: Հաջորդ գաղնտազերծումը սպասվում է 2011 թվականին: