Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նրան կոչ է արել արգելել ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևը, գրում է Today’s Zaman-ը:
Այս նամակի մասին Կառավարության նիստում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` նախարարության բյուջեին վերաբերող իր ելույթի ժամանակ:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի` իր նամակում վարչապետ Էրդողանն ասել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևը չպետք է օրակարգային հարց լինի Կոնգրեսում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ահմեթ Դավութօղլուն անձամբ դիմել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` նրան կոչ անելով ակտիվ գործողություն ծավալել բանաձևի ընդունումը կանխարգելու գործում, քանի որ բանաձևի ճանաչումը կվտանգի թուրքճամերիկյան երկկողմ հարաբերությունները:
Ուրբաթ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, պատասխանելով Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին հարցին, նշել էր, որ «ԱՄՆ վարչակազմը դեմ է այդ բանաձևին»: