Home / Армения / ՀԱԿ-ը բացատրում է` ինչու է Սերժ Սարգսյանը քննադատում իր ստեղծած արատավոր համակարգը

ՀԱԿ-ը բացատրում է` ինչու է Սերժ Սարգսյանը քննադատում իր ստեղծած արատավոր համակարգը

«Հայաստանում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Նկատի ունեմ վերջին պաշտոնանկությունները և Սերժ Սարգսյանի խոստովանությունը, որ երկրի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Հատկանշական է, որ երկրի գործող ղեկավարի գնահատականներում այս աննախադեպ պայծառացումը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման երրորդ տարվա վերջում»:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` ներկայացնելով Կոնգրեսի հայտարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հնչած ելույթի մասին:

«Սերժ Սարգսյանը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու` հակառակ իր հենց բերած օրինակի, Հայաստանում իր պաշտոնավարության օրոք «մեր աչքի առաջ» տեղի ունեցավ լրիվ հակառակը` բոլոր բնագավառների կրիմինալիզացիա, տնտեսության մենաշնորհացման խորացում, քրեապետական բարքերի հաստատում», – նշել է բանախոսը:

Ընդդիմադիր գործիչը հարց է բարձրացրել` ինչ է պատահել, որ Հայաստանում ստեղծված արատավոր, օլիգարխիկ, ավազակապետական համակարգի գլխավոր ստեղծողներից մեկը, որն, ըստ Զուրաբյանի, անխնա ծառայեցրել է այդ համակարգը ժողովրդի ունեզրկման և սեփական հարստացման նպատակին, այսօր սկսել է այդ համակարգի քննադատությունը, առերևույթ քայլեր է անում քրեապետությանն իբր մարդկային դեմք հաղորդելու ուղղությամբ:

«Այս ամենն ունի շատ պարզ բացատրություն. ռեժիմն` ի դեմս Սերժ Սարգսյանի, ըստ էության, խոստովանում է, որ ի վիճակի չէ պահպանել վարչախմբի շահերը սպասարկող արատավոր համակարգը, քանի որ արտաքին և ներքին քաղաքական իր բոլոր նախաձեռնությունների տապալման արդյունքում սպառվել են ներկա վիճակում ռեժիմի կյանքի երկարաձգման համար անհրաժեշտ ռեսուրսները», – նշել է ՀԱԿ համակարգողը:

Պաշտոնանկություններն ու նոր նշանակումները Լևոն Զուրաբյանը հուսահատ քայլեր է անվանել` իրավիճակը շտկելու, իշխանության նկատմամբ ժողովրդի և հասարակության վերաբերմունքը մեղմելու ուղղությամբ. «Սակայն դրանք ի վիճակի չեն որևէ տևական արդյունք տալ, քանի որ հիմնված չեն արմատական համակարգային վերափոխման վրա»:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ նաև նշված է, որ ժողովրդավարացման և երկխոսության մասին խոսքերն ուղղակի կեղծիք են: «Հակառակ դեպքում պետք է իրականացվեին այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը` քաղբանտարկյալների ազատ արձակումը և «Ա1+»-ի բացումը»:

«Զարգացումները, այնուամենայնիվ, օբյեկտիվորեն դրական են, քանի որ, ինչպես ցույց է տալիս ամբողջատիրական կամ ավտորիտար ռեժիմների պատմական փորձը` դրանց կազմալուծումն ու ժողովրդավարական շարժումները սկսվում են հենց այն պահից, երբ ռեսուրսասպառ ռեժիմները ստիպողաբար փորձում են ռեֆորմներ իրականացնել», – եզրափակել է բանախոսը: