Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Վրաստանի միջև «Մաքսային անցակետերի համատեղ օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Համաձայն հուշագրի առաջին կետի` կողմերը համաձայնում են երկու երկրների միջև մաքսային անցակետերի «համատեղ օգտագործման» սկզբունքի վերաբերյալ, որն ուղղված է անցակետերում կիրառվող հատուկ ընթացակարգերի պարզեցմանը և ներդաշնակեցմանը:
Փոխըմբռնման հուշագիրն ընդունելու դեպքում Հայաստանը և Վրաստանը կաշխատեն առանձին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որով կսահմանվեն մաքսային անցակետերի համատեղ օգտագործման սկզբունքի իրականացման կանոնները և կանոնակարգերը:
Հուշագրում նշվում է նաև, որ այն կգործի 3 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարացվի նույն ժամանակահատվածներով, եթե կողմերից որևէ մեկը գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին: