Աշխարհի ուժեղագույն բասկետբոլիստներից մեկը, Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերսի» խաղացող Քոբի Բրայանտին շարունակում են «հետապնդել» ԱՄՆ-ի և Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Բրայանտը վերջերս գովազդային պայմանագիր է ստորագրել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության հետ, ինչը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես Լոս-Անջելեսում, որտեղ հայերի մեծ բանակ երկրպագում է «Լեյքերսին»: Լոս-Անջելեսի հայերը կոչերով են դիմել Բրայանտին` պահանջելով չեղյալ հայտարարել պայմանագիրը մի երկրի ընկերության հետ, որը չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը:
Հայ համայնքի ներկայացուցիչները չեն դադարեցրել իրենց բողոքներն անգամ Լոս-Անջելեսից դուրս: Ինչպես տեղեկացնում է CPTV24-ը, կիրակի Տորոնտոյում կայացած «Տորոնտո Ռեփտորզ» – «Լոս Անջելես Լեյքերս» հանդիպումից առաջ Air Canada Centre մարզահամալիրի մոտ հավաքվել են հայ համայնքի մոտ 30 ներկայացուցիչները, ովքեր բողոքի ակցիա են անցկացրել Քոբի Բրայանտի նման որոշման դեմ: Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Քոբի. Պետք է ճիշտ բաներ անել»:
Հայերի բողոքը չի խանգարել «Լեյքերսին» հաղթել 120:110, իսկ Բրայնատին` 20 միավարով դառնալ իր թիմի ամենաարդյունավետ խաղացողը: