Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, ըստ էության, ոչ թե երկրի ղեկավարի, այլ ընդդիմադիր գործչի ելույթ էր, և Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարել է, որ պատրաստ է միանալ մեզ` ավազակապետության դեմ պայքարում: Այսպես է լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 18-ին ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանը հնչեցրած ելույթը բնութագրել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նաև ամանորյա մաղթանքներ է ներկայացրել այդ ելույթի կապակցությամբ` ուղղված երկրի ղեկավարին:
«Քանի որ Սերժ Սարգսյանն է ներմուծել բազմաթիվ մականունավորի Հանրապետական կուսակցություն, խորհուրդ ենք տալիս որպես առաջին քայլ կուսակցությունից հանել բոլոր մականունավորներին, իսկ նրանց կողմից ստեղծված «օբշչյակը» և նրա ֆինանսական հոսքերը բացել հասարակական վերահսկողության համար», – առաջարկել է ընդդիմադիր գործիչը:
Բանախոսը Հայաստանի իշխանություններին մաղթել է դադարեցնել Ռուսաստանի իշխանություններին «կապկելու սովորությունը և ՀՀ քաղաքական միտքը դնել ավելի ամուր անկախական հիմքերի վրա, ինչպես դա կաներ կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը (Աշոտ Նավասարդյանը մահացել է 1997 թվականին – Epress.am)»:
«Ես չեմ ժխտում, որ կարելի է սովորել ինչ-որ բաներ Ռուսաստանի ղեկավարներից, բայց բառացիորեն կրկնել Մեդվեդևի խոսքերը կայունության և լճացման մասին նրա` նոյեմբերի 24-ի ելույթից այնքան էլ սազական չէ նժդեհյան ոգուն», – ասել է Զուրաբյանը:
Նա նաև նշել է, որ նախագահ Սարգսյանը ճիշտ խոսքեր է ասել ժողովրդավարության և եվրոպական չափանիշներին իշխանության, մասնավորապես, Հանրապետական կուսակցության գործունեությունը համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
Այս կապակցությամբ ՀԱԿ համակարգողն առաջարկեց հետևյալը. «Ստեղծել համատեղ հայ-եվրոպական մի հանձնաժողով, որը կզբաղվի Գարեգի Նժդեհի ցեղակրոն ուսմունքը եվրոպական արժեքներին համապատասխանեցնելու ազգանվեր գործով»:
«Հաշվի առնելով այն վճռականությունը, որով Սերժ Սարգսյանը պայքարում է ավազակապետության դեմ և պաշտոնանկությունների շարք է դրել` առաջարկում ենք պաշտոնից ազատել Հայաստանի գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանին», – ասել է բանախոսը:
Նա նաև բեղմնավոր աշխատանք մաղթեց նախագահին բոլոր նշված ուղիներով. «Թող վստահ լինի, որ բոլոր այն գործերը, որ ինքն անավարտ կթողնի, մենք կավարտենք», – նշել է Լևոն Զուրաբյանը: