Ադրբեջանի խորհրդարանը բողոքում է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Թոմաշ Պորեբայի դեմ` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը խախտելու» պատճառով:
«Ցավով ենք փաստում, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Թոմաշ Պերեբան ապօրինաբար այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ` Հայաստանի տարածքից մեկնելով Լեռնային Ղարաբաղ: Այսկերպ նա դրսևորել է իր ցածր մակարդակը: Այս հարցի կապակցությամբ բողոքի նամակ եմ հղում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկիին»,- հայտարարել է Միլի Մեջլիսի խոսնակ Օկթայ Ասադովը:
Իրավական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեյնովը, իր հերթին, առաջարկել է համապատասխան դիմում ուղարկել Ադրբեջանում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն, ինչպես նաև Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատուն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորեկան ազգությամբ լեհ է, գրում է 1news.az-ը:
Պատգամավոր Ֆազիլ Աղամալի խոսքով էլ` Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պետք է արգելի Լեռնային Ղարաբաղի տարածք այցելած Եվրախորհրդարանի ներկայացուցչին մուտք գործել Ադրբեջան: